Հունգարիան Ուկրաինային հորդորել է դիտարկել զինադադարի հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ զինված հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
«Մենք շատ բարձր ենք գնահատում նախագահ Զելենսկու նախաձեռնությունները՝ ուղղված խաղաղության հասնելուն: Ես նախագահին ասացի, որ այդ նախաձեռնությունները շատ ժամանակ են պահանջում: Միջազգային դիվանագիտության կանոնների պատճառով դրանք շատ բարդ են: Ես նախագահին խնդրեցի մտածել, թե արդյոք հնարավոր է մի փոքր այլ կերպ մոտենալ դրան, դադարեցնել կրակը և հետո բանակցել»,- Զելենսկու հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Օրբանը։ Նրա ելույթից հատվածներ ցուցադրել է հունգարական M1 հեռուստաալիքը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջիկա վեց ամսում Հունգարիան նախագահելու է ԵՄ խորհուրդը և այդ պաշտոնում մտադիր է նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ «Ես եկել եմ այստեղ իմ առաջին այցով, քանի որ խաղաղությունը կարևոր խնդիր է»,- ասել է Օրբանը՝ հավելելով, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը մեծ ազդեցություն ունի ողջ Եվրոպայի անվտանգության վրա։
Նա ասել է, որ Զելենսկիից ստացել է իր առաջարկների պատասխանները և իր գործընկերներին կտեղեկացնի Կիև կատարած այցի արդյունքների մասին։