Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ տնտեսության, անվտանգության դիվերսիֆիկացիան շատ կարևոր գործոն է Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ Այս առումով ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորում է նաև ժողովրդավարությունը՝ նշելով, որ վերջին շրջանում Հայաստանի դեմ ծառացած սպառնալիքներին երկիրը դիմակայել է հենց ժողովրդավարության շնորհիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԽ քարտուղարը նշել է «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանն ունեցած ելույթի շրջանակներում։
«Ես այն կարծիքին եմ, որ Արևելյան գործընկերությունը հաջողված է, և այն դրական բազմաթիվ արդյունքներ ունի։ 15 տարի առաջ, երբ Արևելյան գործընկերությունը ստեղծվում էր, հետխորհրդային երկրներն ավելի շատ իրար նման էին, բայց 15 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են կրել, և երևի հիմնական պահանջն այն է, որ անհատական մոտեցում լինի բոլոր այս անդամ-երկրներին»,- նշել է Գրիգորյանն՝ ընդգծելով, որ այդ գործընկերությունը, միանշանակ, հաջողված է։
Խոսելով դիմակայունության մասին՝ Արմեն Գրիգորյանն այդ տեսանկյունից կարևորել է Արևելյան գործընկերությունը և շեշտել, որ այն օգնում է Հայաստանին։
«Գիտեք, որ Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա, և դիմակայունության կոնտեքստում մենք շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան։ Հաճախ, երբ մենք ասում ենք դիմակայունություն, կարծում եմ՝ առաջին միտքը, որ գալիս է, երևի հենց դիվերսիֆիկացիան է կամ զանազանեցումը, որը Հայաստանի համար շատ կարևոր է՝ տնտեսության, անվտանգության մեջ»,- նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ սա կարևոր ուղղություն է, որտեղ Հայաստանն աշխատում է։
Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ Արևելյան գործընկերությունն այդ հարցում իր ներդրումն է ունեցել, և ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելն ունի հենց այդ նպատակը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը դիմակայունության տեսանկյունից կարևորել է նաև ժողովրդավարությունը․ «Մենք խորը համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը և ժողովրդավարությունն այն հիմնական գործիքներից մեկն է, որով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին»,- ասել է Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի՝ ժողովրդավարությունը շատ կարևոր է նաև ներքին անվտանգության, տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։
«Տնտեսության բարեփոխումները և տնտեսական արդյունքները բերում են ավելի շատ ռեսուրսների և դրանց ներդրմանը անվտանգության ոլորտում․ դա կլինի զենքի ձեռքբերում, թե նոր տեխնոլոգիաների ու կարողությունների»,- ասել է ԱԽ քարտուղարը՝ անվտանգության տեսանկյունից կարևորելով նաև ԵՄ-ի և կառույցի անդամ պետությունների հետ գործընկերության ամրապնդումը։
Նրա դիտարկմամբ՝ որքան Հայաստանը շատ գործընկերներ ունենա և որքան շատ գործընկերներ աջակցեն Հայաստանի բարեփոխումներին, ամրապնդելով տնտեսական համագործակցությունը, Հայաստանն այնքան ավելի դիմակայուն կլինի։
«Միանշանակ է, որ Արևելյան գործընկերությունն օգնել է նաև, որ Հայաստանն ամրապնդի գործընկերությունն ինչպես Բրյուսելի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ։ Այստեղ ևս կարող ենք արձանագրել մի շարք հաջողություններ», - ասել է Արմեն Գրիգորյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամրապնդում է Հայաստանի դիմակայունությունը և նոր հնարավորություններ է տալիս երկրին։
«Մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության օրակարգի շուրջ»,- ընդգծել է Գրիգորյանը՝ հավելելով, որ գործընկերությունը, դիմակայունությունը, խաղաղությունը և ժողովրդավարությունը միմյանց փոխկապակցված գործոններ են։
Արմեն Գրիգորյանը անդրադարձել է նաև «Համապարփակ պաշտպանության և անվտանգության» համակարգին՝ նշելով, որ այդ հայեցակարգին Հայաստանը հանգել է՝ հաշվի առնելով վերոնշյալ բոլոր ուղղություններով կատարած աշխատանքի շնորհիվ։