Եվրաինտեգրումը սկսվել է շատ փոքր քայլերից, դա նույնիսկ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին չի եղել, դա Եվրախորհրդի հարաբերությունների մասին է եղել, այնտեղի կոնվենցիաներին մեր ԱԺ օրենսդրությունը համաձայնեցնելու մասին է եղել։ Այս մասին ասել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանն ունեցած ելույթի շրջանակներում։
«Ուզում եմ ասել, որ եվրաինտեգրումը պրոցես է, դա ոչ թե մրցավազք է, այսօր ԵՄ անդամ երկրներն են եվրաինտեգրվում, ես ուզում եմ ասել՝ եվրաինտեգրում բառը չօգտագործենք հայեցողաբար, որտեղ հարմար է՝ ասենք եվրաինտեգրվեցինք։ Խոսում ենք ԵՄ անդամակցության հայտ տալիս ենք, թե չէ։ Եվրաինտեգրում իհարկե կա, ամեն օր, կառավարության ամեն երկրորդ որոշման մեջ եվրաինտեգրման մի էլեմենտ կա։
Սա է իրականությունը։ Քաղաքական մակարդակում եթե ուզում ենք խոսել ասոցացման համաձայնագրի մասին, որը Սերժ Սարգսյանը չստորագրեց, եթե ուզում ենք ԵՄ անդամակցության հայտ ուղարկել, նախ պետք է հանենք դարակից ասոցացման համաձայնագիրը, որը չենք ստորագրել, բանակցենք նորից և ասենք՝ դե եկեք, ստորագրենք։ Պետք է պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, կամ գոնե ասենք, որ պատրաստվում ենք դուրս գալ ու բանակցել ԵՄ-ի հետ։ Սա է տրամաբանական քայլը»,- ասել է Եղոյանը։