Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը շատ կարևորում ենք, սրան զուգահեռ կա խաղաղության և հարաբերությունների հաստատման գործընթացը։ Այս մասին Թբիլիսիում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի առաջարկներն ու մոտեցումները թափանցիկ են, հուսով ենք, այս մասին ես հայտարարություն էլ եմ արել, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել։ Չեմ կարող նշել, որ դրական արձագանք է ստացել այս առաջարկը, հակառակը, տեսնում ենք նոր արհեստական խոչընդոտներ են ստեղծվում գործընթացը հետաձգելու համար։ Բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Միրզոյանը։