Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցություններն ավարտվել են։ Նրանց զրույցը տեղի է ունեցել Ritz Carlton հյուրանոցի հանդիպման սենյակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ առաջարկել է ամփոփել անցնող տարվա աշխատանքը և նախանշել մոտ ապագայի ծրագրերը։
«Նախատեսվում են նաև նոր նախագծեր։ Մենք շատ ուրախ ենք դրա համար, ինչպես նաև այսօր ձեզ հետ հանդիպելու և անցած տարվա աշխատանքն ամփոփելու անձնական զրույցի առիթով, նախանշելու առաջիկայում մեր անելիքների հեռանկարները»,- ասել է Պուտինը։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին այն պայմանների համար, որոնք ստեղծվում են Թուրքիայում Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների համար։
«Ցանկանում եմ նշել, որ անցյալ տարի մենք տեսանք մեր զբոսաշրջիկների ռեկորդային թիվը՝ 6,3 միլիոն Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներ, շնորհակալություն եմ հայտնում այն պայմանների համար, որոնք ստեղծվում են Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը Աստանայում Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ։
ՌԴ նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են ակտիվորեն աշխատել միջազգային քաղաքականության մի շարք կարևոր ոլորտներում։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել միջազգային քաղաքականության մի շարք կարևոր ոլորտներում, մենք մշտական կապի մեջ ենք ձեզ հետ, և մեր նախարարություններն ու գերատեսչությունները մշտապես փոխանակում են տեղեկատվություն և կոորդինացնում են դիրքորոշումները առանցքային ոլորտներում»,- ասել է Պուտինը։