«Ազատության» տվյալներով՝ ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու տեղակալ Դավիթ Բալասանյանը:
«Ազատության» տեղեկություններով՝ Ազատյանից ու Բալասանյանից բացի ձերբակալվել են նաև թաղապետարանի շուրջ մեկ տասնյակ աշխատակից։
Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ գործն առնչվում է պետական գնումներին ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը:
Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքում գրել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
Կոստանյանը միայն փոխանցել էր, որ հավելյալ ինֆորմացիայի դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հաղորդել էր, որ այդ գրասենյակում, ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ, անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում, կան ձերբակալված անձինք։ Իսկ նախաքննության շահերից ելնելով, ըստ Աբրահամյանի, այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում։
Աբրահամյանը միևնույն ժամանակ նշել էր, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում։