Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, հավանական է, մոտեցել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի կնքմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է CNN հեռուստաալիքը։
Նշվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ն, ըստ երևույթին, «շրջանակային համաձայնագրի կնքման շեմին են»։ Ինչպես նշում է աղբյուրը, հրեական պետությունը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի վերջին պատասխանը կողմերին թույլ կտա սկսել մանրամասն բանակցություններ համաձայնության հասնելու համար։ Սակայն CNN-ն ընդգծում է, որ գործարքի ճակատագիրը դեռ որոշված չէ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը և «Մոսադ» հետախուզական ծառայությունը հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է, որ իսրայելական կողմը միջնորդների միջոցով ստացել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների պատասխանը պատանդների վերաբերյալ գործարքի շուրջ։
Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել էր Գազայի հատվածում խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նոր նախագծի պայմանները, որը բաղկացած է երեք փուլից։