Մարզերում գործող մասնավոր լողավազանների միջոցով դպրոցահասակ երեխաներին կտրվի լողով զբաղնելու հնարավորություն: Նախատեսվում է ֆինանասավորել դպրոցահասակների լողի պարապմունքները՝ դրամաշնորհային մրցույթի միջոցով լողավազաններին հատկացնելով ֆինանսավորում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության հուլիսի 4-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Որոշման ընդունմամբ յուրաքանչյուր տարի լողավազաններում լողով կզբաղվի դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ: 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12 կլինի, 2-րդ խմբում՝ 10: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պապապմունքը 1 ժամ տևողությամբ:
Ըստ նախարարի՝ շահառուների ընդհանուր թիվը մոտ 200 է: Նրանց ընտրությունը կկատարվի բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում ապրող դպրոցականները:
«Դիմումների ընտրությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, շահառուների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, նրանցից կձևավորվի սպասման խումբ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ 1 աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար: