Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է հուլիսի 6-ին նախատեսված այցը Շուշի՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովին։ Թուրք նախագահը փոխարենը որոշել է մեկնել Գերմանիա՝ Թուրքիայի և Նիդերլանդների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու, հայտնում է A Haber-ը։
Էրդողանը «որոշել է բարձրացնել ազգային հավաքականի ոգին»՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կողմից Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի դեմ շարունակվող հետաքննության ֆոնին, նշում է հեռուստաալիքը։
Դեմիրալը 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում ավստրիացիների դարպասը խփած գոլերից հետո իր երկրպագուներին ողջունել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ժեստով, ինչի հետևանքով ՈՒԵՖԱ-ն թուրք ֆուտբոլիստի նկատմամբ հետաքննություն է սկսել, Անկարայում Գերմանիայի դեսպանն էլ կանչվել է ԱԳՆ։