Այսօր Հայաստանի իշխանությունն անբարո կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ։ Այսօր Փաշինյանի վարչակազմը ընկրկելով թուրքական ու ադրբեջանական ճնշմանը, վախենում է նույնիսկ Արարատ լեռան մասին խոսել, Արարատը փորձում է փոխարինել Արագածով, վաղը Արագածին կասեն Ալագյազ և այդպես շարունակ։
Այս մասին Սբ Աննա եկեղեցու բակում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Խորհրդանիշները կարևոր են մեր ինքնության համար, եթե ժողովուրդները չունեն պատմական հիշողություն, վերանալու են պատմության թատերաբեմից, այս վարչախումբը մեզ տանում է այդ ճանապարհով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, Պողոսյանն ասաց.«
Իշխանություններն ուզում են Սահմանադրությունից հանել նախաբանում հաստատագրված Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն այն հիմնասյունը, որի վրա հիմնված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը»:
Ըստ նրա` ՀՀ-ն այսօր ունի սահմանադրության օր, բայց չունի սահմանադրականություն.«Չունենք այնպիսի իրավիճակ, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Եվ այսօրվա Սրբազան պայքարը նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համար է»: