Հետևեք մեզ։

Դիմելու եմ բոլոր ուժային կառույցներին՝ ապօրինություն կատարածներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով. Թագուհի Թովմասյանը՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

10:49, 21 ապրիլ 2023
Դիմելու եմ բոլոր ուժային կառույցներին՝ ապօրինություն կատարածներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով. Թագուհի Թովմասյանը՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀԿ-ի գրասենյակում հրատապ ասուլիս է հրավիրել՝ անդրադառնալու խորհրդարանում երեկ տեղի ունեցած միջադեպին ու ներկայացնելու իրենց գործողությունները:

 

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց՝ երեկ ԱԺ-ում տեղի ույեցածը խայտառակություն էր:

 

«Թեպետ կարող են ասել, որ շատ խորհրդարաններում այդպիսի միջադեպեր հաճախ են տեղի ունենում, այո, բայց որևէ խորհրդարանում չեք տեսնի, որ թիկնազորն այդպիսի ագրեսիվությամբ քաշքշի պատգամավորներին: Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր, և երկրորդը՝ ԱԺ նախագահի հրամանը կատարողները իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտել պատգամավորի աշխատանքին, որովհետև ԱԺ շենքի անվտանգության կանոնների պահպանման բոլոր կետերով նախատեսված է, որ նրանք կարող են և պարտավոր են չեզոքացնել վտանգը, իսկ իմ ակցիան, որին հետո միացան իմ գործընկերները, որևէ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժում։ Ստացվում է, որ մենք բախվել ենք շատ կոշտ ապօրինության, և այդ ապօրինությունը պետք է ունենա հետևանքներ»,- ասաց նա:

 

Թովմասյանը հայտնեց՝ ակնկալում է, որ ապօրինություն կատարածները պատասխանատվության ենթարկվեն։

 

«Հիմա աշխատում եմ դիմումի տեքստի վրա և այն ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխաատվություն կրեն բոլոր այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ապօրինություններ։ Մենք չենք կարող հանդուրժել, որ ՔՊ խմբակցությունը, որն ԱԺ փորձում է դարձնել իրենց սեփական օբյեկտը, անընդհատ անի այն, ինչ ցանկանում է։ Չի լինելու»,- ասաց Թովմասյանը։

 

Նան նշեց, որ չի անդրադառնալու որևէ ելույթի, որը երեկ հնչել է ԱԺ-ում, բայց և հավելեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի ԱԺ ամբիոնից սուտ խոսել, ամեն անգամ սուտն ստանալու է համարժեք պատասխան։ Մենք այլևս չենք թողնելու՝ նա ստեր հնչեցնի ԱԺ ամբիոնից։ Եթե նրանք չեն հարգում ԱԺ ամբիոնը, մենք այդ ամբիոնի գինը լավ գիտենք, հասկանում ենք խոսքի արժեքը և թույլ չենք տալու, որ վարչապետ կոչվածը գա և սկսի ստել»:

 

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթի ժամանակ անվտանգության աշխատակիցներին կանչեց ԱԺ նիստերի դահլիճ, որտեղ քաշքշոց սկսվեց։