Առջևում շատ նպատակներ ունենք, մեր երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումը գլխավոր առաջնահերթությունն է։ Այս մասին լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին.
«Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Համաշխարհային հանրությունը գիտի, որ 2021 թվականի հունվարին Իլհամ Ալիևը հրապարակային ելույթ ունեցավ և Հայաստանին առաջարկեց խաղաղության օրակարգը։ Խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Ցավոք, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը մնում է Հայաստանի սահմանադրության մեջ։ Այս գործոնը պետք է վերացվի՝ լիարժեք խաղաղության հասնելու համար»։