Ղազախստանը և Հայաստանը Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Կազինֆորմ» գործակալության թղթակցի հետ զրույցում կիսվել է տնտեսական հարաբերությունների ներկա վիճակի և երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ իր գնահատականներով։
Նախարարը նշել է, որ Հայաստանը ներկայումս գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով, բայց միևնույն ժամանակ կապեր է պահպանում այնպիսի ավանդական գործընկերների հետ, ինչպիսին Ղազախստանն է։
«Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 100,4 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ ավելի 2,4 անգամ։ Հայաստանից Ղազախստան արտահանումը 2023 թվականին կազմել է 71,3 մլն դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,8 անգամ։ Այստեղ մենք համագործակցության ոլորտներն ընդլայնելու մեծ ներուժ ունենք։ Տարբեր ոլորտներում փոխգործակցությունն արդեն հաստատված է, և համագործակցության ընդլայնման հարցը մշտական քննարկման փուլում է։ Հայաստանի Հանրապետության բիզնես միջավայրը զարգանում է բավականին ակտիվ՝ դուրս գալով տարբեր շուկաներ ու ոլորտներ։ Մեզ համար բոլոր առաջարկները կարևոր են, և բոլոր տարբերակները քննարկվում են»,- նշում է նախարար Պապոյանը։
Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության պոտենցիալ ոլորտներից է տրանսպորտային և լոգիստիկ նախագծերի զարգացումը։ Երեւանում ղազախ-հայկական գործարար համաժողովի ընթացքում քննարկվել են դեպի երրորդ երկրներ արտահանման ուղղությունների զարգացման հարցեր։ Աստանան հատուկ ուշադրություն է դարձնում սեփական ենթակառուցվածքների և կարողությունների բարելավմանը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու գործունեության համատեքստում։ Իր հերթին Երևանը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ նախարարի, հնարավորություն կտա խորացնել տնտեսական կապերը բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ։
«Այս հայեցակարգի հիմնական իմաստը տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումն է նորերի կառուցման, ինչպես նաև հին ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման և շահագործման միջոցով: Անկասկած, «Խաղաղության խաչմերուկ» հասկացությունն իր հետ բերում է բազմաթիվ նոր հնարավորություններ՝ կապված ապրանքների, մարդկանց տեղաշարժի հետ։ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծը հնարավորություն կտա տարածաշրջանի բոլոր կողմերի համար կառուցել բարեկեցիկ ապագա և խորացնել տնտեսական կապերն ու համագործակցությունը բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ», ընդգծել է Գևորգ Պապոյանը։
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ այս նախագծի իրականացման ժամկետները միայն Հայաստանը չի որոշելու, տարածաշրջանային այս կարևոր նախաձեռնությունն իրականացնելիս Հայաստանի կառավարությունը հույսը դնում է բոլոր միջազգային գործընկերների ակտիվ աջակցության վրա և երախտապարտ կլինի բոլորին, ովքեր պատրաստ են այս կամ այն կերպ աջակցել դրա իրականացմանը։