Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ,վաղը ժամը 14:30-ին կհրապարակվի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատավճիռը։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց լրագրողների հարցերին, և անդրադարձավ իրեն փոխարինած Վալերիյ Օսիպյանին, պատասխանելով հարցին, թե համակարգից եղել են ընդդեմ իրեն ցուցմունք տվող անձինք․ «Վալերիյ Օսիպյանը ինչպես դավաճանեց ոստիկանական համակարգը, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց: Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ: Մարդկանց տեսակն է այդպես»։
Հարցին, թե համակարգին ինչպես է դավաճանել և երբվանից, Գասպարյանն ասաց՝ «Սասնա ծռերից» սկսած։ Դիտարկմանը, թե գերի ընկավ նա, Գասպարյան ասաց՝ վախկոտությունը գերության բան չէ։
Նշենք, որ օաշտպանական կողմը դատական նիստին հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանն ունի ազատազրկման հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։ Գասպարյանը հրաժարվեց հանդես գալ վերջին խոսքով։
Վարդգես Սարգսյանը մերժեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը՝ նշանակել դատաբժշկական փորձաքննություն Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի մասին «Դատարանն արձանագրում է, որ հիվանդություններից որևէ մեկը ներառված չէ այն դրսևորմամբ, որով սահմանել է ՀՀ կառավարությունն իր որոշմամբ։ Ի ուրախություն ձեզ, բարեբախտաբար այդ հիվանդությունները չունեն այն բարդ աստիճանը, որը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ, հետևաբար դատաքննությունը վերսկսելու և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»։
Ըստ մեղադրանքի Գասպարյանը կատարել է պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակություն։