Ընտրություններից առաջ և նույնիսկ 2021-ին ծրագիրը կազմելիս ՀՀ կառավարությունը գտնում էր, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա: Ամեն ինչ պարզ է և հստակ, բայց արդեն 2021 թվականի կատարողականի զեկուցման ժամանակ Կառավարությունը փորձում էր ինքնորոշման իրավունքը մի քիչ վախվորած արտահայտել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«2022-ի կատարողականի մեջ Կառավարությունն արդեն չի խոսում ինքնորոշման մասին, 1988 թվականից ի վեր ՀՀ կառավարությունն առաջին անգամ չի խոսում ինքնորոշման մասին: Առաջին անգամ 35 տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները համընկան. ինքնորոշումը հանել ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներից»,- ասաց նա:
Խաչատրյանը դիտարկում արեց՝ Արցախի ժողովուրդը կարող է ինքնորոշվել և վերամիավորվել Հայաստանի հետ, պետք է ասենք ՝ո՞չ:
«35 տարի Ադրբեջանը սահմանափակում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ասելով՝ «ինքնորոշվիր, բայց իմ տարածքում», հիմա էլ ՀՀ կառավարությունն ասում է՝ թե բա ինքնորոշվելու համար պետք է նախապես Ադրբեջանի կազմում լինես»,- ասաց Խաչատրյանը:
Ընդդիմադիր պատգամավորը, անդրադառնալով Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, նշեց՝ փոխանակ իշխանությունները ասեն, որ չեն կարողանում դիմագրավել մարտահրավերներին, իրականացնել նույնիսկ 2021-ի կառավարության ծրագիրը, փորձում են մեղքը բարդել նախկինների ու միջազգային հանրության վրա:
«Բա եթե Հայաստանը, պնդելով ինքնոշման վրա, ընդունել է, որ Արցախը 2007-ի դրությամբ Ադրբեջանի կազմում է եղել, Ադրբեջանն էլ դրա հետ պետք է սիրահոժար համաձայնվեր, բանականությունը դա է ասում: Եթե Հայաստանն ասում էր, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանն ինչի՞ պիտի ասեր չէ, Ադրբեջանն էդքան ախմախ է՞»,- ասաց պատգամավորը: