Հետևեք մեզ։

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

12:47, 09 հուլիս 2024
ԲԴԽ-ն մերժել է դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
ԲԴԽ որոշման համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է մերժել: Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը:
 
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
 
«Որպես պարզաբանում հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը, ունենալով պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելու և իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործմումն ապահովելու պարտականություն՝ չի մասնակցել հեռաուսուցման դասընթացին, ինչի առնչությամբ, Խորհուրդը, հաշվի առնելով միջնորդության մեջ նշված հեռաուսուցման դասընթացի շրջանակում տրամադրված նյութի բնույթը, դատավորի մասնակցությունը գիտակրթական տարատեսակ միջոցառումներին, Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպված լրացուցիչ վերապատրաստումներին, ինչպես նաև միջնորդության մեջ նշված հեռաուսուցման դասընթացին մեկ անգամ արդեն դատավորի մասնակցությունը՝ արձանագրում է, որ միջնորդության համար հիմք հանդիսացող դատավորի արարքը թեև ձևականորեն պարունակում է Դատական օրենսգրքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: