Հետևեք մեզ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի նկատմամբ. «Հետք»

17:53, 09 հուլիս 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի նկատմամբ. «Հետք»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 4-ի նիստում ուսումնասիրել է Հետք Մեդիա Գործարանի «Տեղի գնումները՝ համայնքի ղեկավարի կնոջից, քեռուց ու քեռակնոջից» և «Հետքի» «Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ» հոդվածները, գրում է «Հետքը»։

 

Հանձնաժողովը պարզել է, որ համայնքապետն առերևույթ խախտել է «Հանրային ծառայության» մասին օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները։ Ըստ հանձնաժողովի՝ Դավիթ Ղուլունցն իր լիազորությունների շրջանակներում կատարել է գործողություն (անգործություն), որը առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման։ 

«Հետք»-ը գրել էր, որ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը համայնքի կարիքների համար գնումներ էր կատարել և պայմանագրեր կնքել իր հետ փոխկապակցված անձանց հետ։ Մասնավորապես՝ սեղմված բնական գազի ձեռքբերման համար 2022-2024 թվակններին ընդհանուր 6,4 մլն դրամի պայմանագրեր էր կնքել իր քեռուն և քեռակնոջը պատկանող «Զանգեզուր Գազ» ՍՊԸ-ի հետ։ Իսկ եղբոր՝ Սասուն Ղուլունցին պատկանող ԱՁ-ի հետ համայնքապետ ընտրվելուց հետո կնքվել էր 10 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել էր 378 մլն 843 հազար դրամ։ 

Ըստ հանձնաժողովի՝ համայնքապետը պարտավոր էր 10-օրյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել շահերի բախման մասին գրավոր հայտարարություն, ինչը չի արվել և խախտվել է «Հանրային ծառայության» մասին օրենքը։