Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները հանդիպում կունենան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ․ այս մասին հայտնել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ զինծառայողների ծնողներն այսօր կառավարության շենքի մոտ ակցիա էին իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելու պահանջով։
«Հանդիպման ընթացքում պարզ կլինի՝ կընդունեն մեզ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը, թե՝ ոչ։ Դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,- ասաց զինծառայողի հայրը։
Զոհերի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով անզգուշությամբ վառելու հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։