Հետևեք մեզ։

Շինթույլտվության համար փաստաթղթեր են կեղծել՝ ֆոտոշոփով տեղափոխել են բարձրահարկ շենքը․ Ավինյանն անկեղծ չէ․ «Հրապարակ»

09:50, 10 հուլիս 2024
Շինթույլտվության համար փաստաթղթեր են կեղծել՝ ֆոտոշոփով տեղափոխել են  բարձրահարկ շենքը․ Ավինյանն անկեղծ չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը պայքարում է մայրաքաղաքում կառուցված ապօրինի շինությունների դեմ, բայց՝ յուրովի: Քանդելու փոխարեն օրինականացնում է: Հուլիսի 8-ին նա հայտարարեց, որ քաղաքապետարանը մեծ ծավալով ուսումնասիրում է եւ որոշումներ է կայացնելու ինքնակամ շինությունների օրինականացման վերաբերյալ: «Դա արվելու է նրանց համար, ովքեր մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ն են գրանցվել»,- ընդգծեց քաղաքապետը՝ նշելով, թե սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են, սա նշանակում է, որ օրինականացման ծավալն այս շրջանում մեծ է լինելու։
Հասկանալի է, որ նա չէր կարող ասել՝ ով փող ունի, եկեք, մուծվեք, օրինականացնենք, ով ոչ՝ թող գնա գրողի ծոցը: Ահա ինչու ընտրել է եզոպոսյան լեզուն՝ ուսումնասիրում ենք, որոշումներ ենք կայացնում, ոչ բոլորն են օրինականացվելու: Ի դեպ, ոչ ոք չի կարող արանքում փող աշխատել, քաղաքապետարանից բացի: Ավինյանը հասկացրեց, որ ով կփորձի մոտենալ սեփականատերերին եւ իր ծառայություններն առաջարկել, գումար վաստակել, կփոշմանի:

 

Հիշեցնենք․ Հայկ Մարությանը ժամանակին անողոք պատերազմ էր հայտարարել ապօրինի շինություններին: Տարբեր համայնքներում քանդում էին առավել խեղճ, վերեւներում կապեր, խնամի-ծանոթ-բարեկամ չունեցողների կառույցները:


Մյուս ձեռքով էլ շինթույլտվություններ էին տալիս, ինչպես, օրինակ, եղավ Ազատության 14/3 հասցեի հետ, որին հարակից շենքերի բնակիչները երեկ ուշացած միտինգ էին անում, իսկ ոստիկանները հրմշտելով՝ դուրս էին շպրտում նրանց տարածքից:

 

Երեւանի քաղաքապետարանի համար սա սովորական ձեռագիր է՝ աջ ձեռքով տներ քանդել, իսկ ձախով փողի դիմաց ինդուլգենցիաներ բաժանել: Դեռեւս մարտին մի նմանատիպ աղմուկ բարձրացավ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, Վայքի քաղաքապետի թեկնածու Կառլեն Մինասյանի ՍՊԸ-ին Լվովյան 2 հասցեում բարձրահարկ կառուցելու շինթույլտվության շուրջ: Լվովյան 2 շենքի բնակիչներն էլ, Ազատության պողոտայի բնակիչների նման, միտինգ էին անում՝ պահանջելով կանգնեցնել սկսվող շինարարությունը, սեյսմակայունության խնդիրն էին բարձրացնում, այդ տարածքում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան այգու փրկության համար, իսկ այգու մյուս կողմում կանաչապատման պատրվակով խեղճ մարդկանց տներն էին քանդում, որոնք այդտեղ ապրում էին տասը տարուց ավելի:

 

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը փաստեր է ներկայացնում, ապացուցում, որ շինթույլտվությունն ապօրինի է, քանի որ շինթույլտվություն տալու հիմքեր ստեղծելու համար փաստաթղթեր են կեղծել՝ ֆոտոշոփով տեղափոխել են այդ տարածքի կողքին գտնվող բարձրահարկ շենքը, հանուն Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցի կազմակերպության՝ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի: Ավագանու անդամը գոռում էր, որ շինթույլտվությունը տրվել է բացարձակ ապօրինի, համայնքային նշանակության հողի համար, սակայն քաղաքապետի կողմից զրո արձագանք: 

 

Մանուկյանն այս հարցով դիմել էր դատախազություն: Այսօր նա պաշտոնապես հայտարարում է. «Երեւանի քաղաքապետն անկեղծ չէ երեւանցիների հետ, ապօրինություններ թույլ տվող համար մեկ պաշտոնյան հենց ինքն է: Ես փաստեր եմ ներկայացնում, իրենք աչք են փակում, իրենք հովանավորում են, որպեսզի  կանաչ տարածքները զավթվեն»,- ասում է Մեսրոպ Մանուկյանը: 

 

Երբ Երեւանը չունի գլխավոր հատակագիծ, ցանկացած շինթույլտվություն ապօրինի է՝ կարծում է Մանուկյանը: «Նրանք գեոդեզիա չեն  անում, փաստացի քարտեզագրում չկա, չեն պարզում՝ հողերի համընկնում կա՞ հարեւանի հետ, թե՞ չկա, արդյունքում շինթույլտվությունը տալիս են, եւ հետո երկու հարեւան իրար փոր են թափում, մեկի հողը մտնում է մյուսի մեջ»,- ասում է ավագանու ընդդիմադիր անդամը: 

 

Շինթույլտվություններ տալիս, ըստ նրա, երկակի ստանդարտներ են կիրառվում, ըստ ծանոթ-անծանոթ հատկանիշի: «Այսինքն՝ իրենց ծանոթի միջոցով եկածների փաստաթղթերում ամեն ինչ իդեալական լավ է, շինթույլտվությունները տալիս են, բայց ընկել են այն մարդկանց հետեւից, ովքեր որ նախկինում են շինարարություն արել: Ես նրանց չեմ արդարացնում: Ինձ համար ցանկացած անօրինականություն ընդունելի չէ, անկախ նրանից՝ նախկինում է արվել, թե հիմա։ Բայց ես արձանագրում եմ փաստ, որ հիմա հովանավորում են ապօրինի շինարարությունը»: 
Երեւանը փոշու ու շինաղբի մեջ թաղված է՝ սա եւս չնորմավորված, վայրի եւ չվերահսկվող շինարարության արդյունք է:

 

Մեսրոպ Մանուկյանը շրջել է Երեւանով եւ ընդամենը երեք կառուցվող շենք է տեսել՝ կանաչ ցանցով պատված: «Մյուսների կողքով անցնում ես՝ փնթի վիճակ է, ցեխն ու փոշին լցվում են քաղաքի վրա, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության` ԳԱՍԿ-ի պետը, որ նոր են նշանակել, պետք է վեր կենա, գնա, ուսումնասիրի, ակտեր գրի: Ոչինչ չի արվում»:

 

Մանուկյանն օրինակ է բերում «Լույսեր» թաղամասը՝ Լենինգրադյանի հետնամասում, ցեխոտ, կեղտոտ, անլվա մեքենաներով: «Մեռանք ասելով՝ եկեք մի հատ ակտ գրեք, որ տենց վիճակով դուրս չգան, կա՛մ ցանց քաշեն օբյեկտների վրա: Ոչ մի արդյունք: Շինթույլտվությունները սղղացնում են չզեկուցվող հարցերի  տակ»: 
Ավագանու անդամը կոչ է անում՝ ցանկացած շինթույլտվություն, որը տրվում է, հրապարակել, ուղղակի կոռուպցիոն բուրգերը քանդելու համար, որոնք, հավանաբար, արդեն շինարարության ոլորտում էլ են ձեւավորվել»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։