Հետևեք մեզ։

Էդգար Ղազարյանը «վիկտիմ» վարքագծի մեջ էր. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ հանձնաժողովի նիստում Էդգար Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

15:01, 21 ապրիլ 2023
Էդգար Ղազարյանը «վիկտիմ» վարքագծի մեջ էր. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ հանձնաժողովի նիստում Էդգար Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ լուրերին, թե խորհրդարանում իշխող ուժը նախաձեռնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելուն և հարցին՝ կարծո՞ւմ է, որ Թովմասյանը պետք է լքի պաշտոնը:

 

«Եթե կարծեի, կնախաձեռնեի, բայց եթե կարծողներ կան, հիմքերն ունեն, ներկա են եղել, ներքին համոզմունք ունեն, որ պետք է վայր դնի պաշտոնը, բերում է, նախաձեռնում է, մենք էլ պիտի նայենք, եթե հիմքերն իրավաչափ են, այո, տալու ենք համաձայնություն, եթե՝ ոչ, ոչ»,- ասաց Խաչատրյանը:

 

Անդրադառնալով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արթուր Հովհաննիսյանի կողմից խորհրդարանական ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցված արտահայտություններին՝ Խաչատրյանը արձագանքեց.

 

«Ցանկացած պահվածք, որը բերում է վատ արտահայտությունների, չեմ ողջունում, բայց կա «վիկտիմ» վարքագիծ. մարդը տուժողի կերպար է ընդունում և ամեն ինչ անում է, որ իր նկատմամբ գործադրվի որոշակի սպառնալիք: Նաև տուժողի վարքագծից է կախված»,- ասաց նա և հարցին՝ իր կարծիքով ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը «վիկտիմ» վարքագծի մե՞ջ էր, ասաց. «իմ կարծիքով՝ այո»: