Ադրբեջանի մշակույթի նախարարությունը և Մտավոր սեփականության գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում պահանջում են Հայաստանի պաշտոնական կառույցներից իբրև թե «պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի կոմպոզիտոր Բ․ Ն․-ի երգի հեղինակային իրավունքը խախտողներին»։
«Հայաստանի համապատասխան կառույցներից պահանջում ենք արգելել ադրբեջանցի կոմպոզիտոր Բ․ Ն․-ի ստեղծագործության զանգվածային կատարումը և այն որպես հայկական «Սիրուն ջան» երգ ներկայացնելը, վերականգնել Բ․ Ն․-ի հեղինակային իրավունքները և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքին և ազգային օրենսդրությանը համապատասխան խախտումներ կատարած անձանց, ինչպես նաև տեղեկացնել ադրբեջանական կողմին ձեռնարկված միջոցների մասին»,-ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ խոսքը երգիչ Գոռ Եփրեմյանի «Սիրուն ջան» երգի մասին է։
Ադրբեջանական կողմի նշած հեղինակի և երգի տվյալները հասկանալի պատճառներով խմբագրությունը չի ներկայացնում։