Հետևեք մեզ։

«Գրանդ Տոբակո»-ն 8,6 մլրդ դրամ, «Կառմել»-ը՝ 4 մլրդ դրամ մաքսատուրքերից ազատվելու արտոնություն կստանան

15:16, 21 ապրիլ 2023
«Գրանդ Տոբակո»-ն 8,6 մլրդ դրամ,  «Կառմել»-ը՝ 4 մլրդ դրամ մաքսատուրքերից ազատվելու արտոնություն կստանան

Կառավարությունը բավարարել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ծխախոտի արտադրության համար՝ իրականացնելով 176.3 մլրդ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 476 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 175 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8.6 մլրդ դրամ:

«Կառմել» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ընդեղենի, ինչպես նաև չորացրած բանջարեղենի, մրգերի և համեմունքների արտադրության համար։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել։ Ընկերությունը կիրականացնի 1.2 մլրդ դրամի ներդրում արտադրական տարածքների ձեռքբերման և 81 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 215 նոր աշխատատեղ՝ մինչև 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 81 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլրդ դրամ: