Այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում հանդիպեցին «Դինամո Մինսկը» և Երևանի «Փյունիկը»։ Հանդիպումը կայացավ Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաքում, գրում է Armsport.am-ը։
Հանդիպման առաջին րոպեներին Եղիշե Մելիքյանի թիմը կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն մրցակցի դարպասապահը փրկեց իր թիմին գոլային դրվագում։ 22-րդ րոպեին արդեն տանտերերը կարող էին հաշվի մեջ առաջ անցնել․ «Փյունիկին» այդ դրվագում օգնեց դարպասաձողը։ Քիչ անց Դավիդյանը կարող էր հասնել հաջողության, սակայն Լապոուխովը նորից տեղում էր։ Հանդիպման առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին ընդմիջման 0-0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին մի շարք վտանգավոր գրոհներով, բայց մրցակցի դարպասի բանալին թիմերն այդպես էլ չկարողացան գտնել։ Մրցավարի վերջին սուլիչից հետո լուսատախտակին նույն հաշիվն էր՝ 0-0։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում, հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։