Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Հայաստանի մասնակցության համար Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, նրանք այլ ուղի ընտրեցին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Նա նշել է, որ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով․ «Էլ չեմ խոսում Վաշինգտոնում ընթացող այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը կարող է միայն ծայրահեղ ափսոսանք առաջացնել»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով, «այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։
«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր հետևանքները։ Իմ կարծիքով, «երկու աթոռի վրա նստելու» փորձերի անիրատեսական բնույթը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից Մոսկվայում Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում ունեցած ելույթում»,- եզրափակել է Գալուզինը։