Չնայած այս ընթացքում երկիրն անցել է արհավիրքներով, ճգնաժամով, կառավարությունը որևէ անգամ չի հայտարարել՝ ժողովուրդ դիմացեք, գումարները տրամադրվում են բանակին, իսկ բանակում բարեփոխումները շարունակվում են․ այս մասին այսօր ԱԺ-ում ունեցած իր ելույթում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
«Երբ քաղաքացիներն ինչ-որ հարցով դիմում են, նրանց երբեք չեն ասում, Ձեզ հատկացված միջոցն ուղղում ենք բանակին»,-ասաց նա՝ ընդդիմությանը մեղադրելով երկիրը կործանելու նպատակով արժեհամակարգային փոփոխություններ անելու փորձի համար։
Լուսինե Բադալյանը նաև մեկնաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած վերջին ելույթը, որում խոսել էր Արագածի մասին։
«Էս մարդն ասում էր, Արագածը ևս մերն է, և պետք է հնարավորինս շատ երգեր ու բանաստեղծություններ ձոնել, քանի որ այն հենց այստեղ է ու հենց հիմա»,-ասաց նա, ապա, դիմելով Փաշինյանին, հավելեց,- «Պարո՛ն Փաշինյան, ընդդիմությանն ասում եք՝ եկեք ինձ հարցաքննեք։ Ձեզ ոչ մեկ չի հարցաքննելու, որովհետև որևէ մեկին հարցերի պատասխանները չեն հետաքրքրում։ Show must go on. հարցեր տալուց ու պատասխաններ հնչեցնելուց հետո շոուն ավարտվելու է»։
Բադալյանը ընդդիմությանը մեղադրեց «չարակամության ինստիտուտ» ձևավորելու համար, ինչի դեմ իրենք պայքարելու են բարությամբ, օրենքներով, կանգնած են իշխանության ու վարչապետի թիկունքին։
Նա նշեց, որ հերոս բառն արժեզրկել են ու համարում և՛ դրոշ այրողին, և՛ սահման պահողին։ «Իրականում այդ մարդիկ հերոսներ չեն, հերոստրատներ են, Հերոստրատ էլ չեն, որովհետև նրան թեկուզ վատ իմաստով, բայց հիշում են հազարամյակներ, իսկ այդ մարդկանց մոռանալու են հենց վաղը, և վաղը պատուհաս են դառնալու ձեր գլխին։ Ժողովուրդն ասում է ինչ ցանես, այդ էլ կհնձես, բայց ժողովրդական մեկ այլ խոսք էլ կա, երբ տեսնում ես՝ դիմացինդ ոչխար է, մի շտապիր ուրախանալ, որովհետև կարող է պարզվի, որ դու ոչ թե գայլ ես, այլ խոտ»,-ասաց նա։
Լուսինե Բադալյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքը չպետք է լինեն սադրիչ բաներ պարունակող ելույթներ, և դա վերաբերում էր նաև ՔՊ-ական պատգամավորներին։«Ես ձեզ խնդրում եմ և հորդորում հետևել այդ կանոնին, որովհետև ես ձեզ ընդհատելու եմ, իրարից նեղանալ չլինի»,-ասաց նա։