Հետևեք մեզ։

Ես սկի Աստծուն չեմ հավատում, ուր մնաց Ադրբեջանի հետ խաղաղությանը հավատամ․ Սերգեյ Դանիելյան․ Hraparak.am

21:30, 11 հուլիս 2024
Ես սկի Աստծուն չեմ հավատում, ուր մնաց Ադրբեջանի հետ խաղաղությանը հավատամ․ Սերգեյ Դանիելյան․ Hraparak.am

«Հրապարակի» զրուցակիցը դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանն  

- Ասում եք` ընդդիմադիր եք: Փողոցում մարդիկ` Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ պայքարում էին, ինչո՞ւ ընդդիմադիրները չհասան նպատակին:

- Երկու պատճառով` առաջինը` ոչ մի քաղաքական նպատակ չկար, չկար տեսլական, երկրորդ` երբ հների ականջները երևում են, բոլորը գնում են տուն:

- Իշխանությանը հեռացնելը քաղաքական նպատակ չէ՞:

- Չէ, քաղաքական նպատակ չէ, ուղղակի ուզում էին հեռացնել, որ իրենք նստեն աթոռին: Բայց դա քաղաքական օրակարգ չէ, ոչ մի բան երկրին չի տալիս, դրանք զուտ նեղ անձնական ցանկություններ են:

- Երկու օր առաջ Սոֆի Դևոյանին մրցանակ տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Դուք մրցանակներ չունեք դեռ: Եթե մի օր էլ մրցանակ տան, կվերցնե՞ք:

- Ինձ ոչ մի մրցանակ էլ չի սպառնում: Չի էլ սպառնացել երբեք, միշտ հանգիստ ապրել եմ: Մրցանակը պոչի նման մի բան է, որ աճում է մարդու վրա: Դե թող տան մրցանակ, կորոշեմ ինչ անել: Ամեն մեկն ապրում է այնպես, ինչպես ուզում է ապրել, եթե մարդիկ ուզում են մրցանակ ստանալ, թող ստանան, ինչ կա որ:

- Բայց Դուք վաստակել եք մրցանակ ստանալու իրավունքը: Այս իշխանություններից գո՞հ եք:

- Ոչ: Ոչ մի նորմալ մարդ ոչ մի իշխանությունից չի կարող գոհ լինել:

- Բայց երբ ընդդիմությունը սկսում է պայքարել, Դուք սատարում եք նույն այդ իշխանությանը: Այսինքն` վճռական պահերին իշխանության կողմն եք, այլ ոչ թե ընդդիմության:

- Դե հա, եթե ընդդիմությունն է, այդպես է: Այս ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ իշխանությունը մնա, որովհետև եթե մի քիչ ուղեղ ունենար ընդդիմությունը, որոշ մարդիկ չէին երևա, իսկ իշխանությունը կփոխվեր:

- Մինչև 2018 թվականը բավականին ակտիվ հասարակական գործունեություն էիք ծավալում, ձեր գործերում քննադատում էիք իշխանություններին, հետո ի՞նչ փոխվեց:

- Թյուր կարծիք ունեք, եթե կարծում եք, որ հիմա ակտիվ չեմ, ի դեպ, ես դա չեմ համարում հասարակական գործունեություն: Ուղղակի ունեցել եմ յութուբյան ալիք և մշտապես իմ կարծիքը հայտնել եմ` համ այս իշխանությունների մասին, համ` այն: Օրումեջ մտնում եմ եթեր և խոսում եմ տարբեր քաղաքական ու ներքաղաքական հարցերի մասին: Էլ ի՞նչ պետք է անեի, գնայի Գալստանյանի կողքը նստեի՞, որ ասեիք ակտիվ եք: Ես մի հատ որ փռշտում եմ, ավելի շատ եմ երեւում, քան ոմանք ցույց անելիս:

- Բայց Բագրատ սրբազանն ասում է, որ նախկին իշխանությունների հետ կապ չունի: Ի դեպ այնպես էլ չէ, որ նախկին իշխանությունները սատարում են նրան: Օրինակ` Սերժ Սարգսյանի թիմից քննադատում են նրան շատ հաճախ:

- Բա լավ, ո՞ւմ հետ կապ ունի:

- Հայ առաքելական եկեղեցու:

- Դե եկեղեցին տեղով մեկ ընդդիմություն է: Կոռումպացված մի հիմնարկ է, ԱՁ:

- Փաշինյանն ասում է, որ Կիրանցում սահմանազատում է տեղի ունեցել, բայց կիրանցեցիները շատ դժգոհ են, պնդում են, որ իրենց գյուղի մի մասը հանձնվել է Ադրբեջանին:

- Ես էլ եմ դժգոհ բավականին, չի կարելի սահմանազատում անել, եթե չկա խաղաղության պայմանագիր:

- Իսկ Դուք հավատո՞ւմ եք Ադրբեջանի հետ խաղաղությանը:

- Ոչ, ես սկի Աստծուն չեմ հավատում, ուր մնաց Ադրբեջանի հետ խաղաղությանը հավատամ, ոչ էլ Եհովային եմ հավատում:

- Բայց Փաշինյանը հավատում է, քարոզում է խաղաղություն:

- Այ մարդ, Փաշինյանն էլ չի հավատում խաղաղությանը, ուղղակի ուրիշ ասելու բան չունի, սին են իր քաղաքական նպատակները, դրա համար էլ նման բաներ է խոսում:

- Այդ դեպքում ավելի լավ չի՞, որ հրաժարական ներկայացնի:

- Բայց ո՞վ կգա:

- Ով կարող է, ցանկացած քաղաքական գործիչ:

- Դե Սերժն էլ հրաժարական տվեց, ցանկացած մեկը իշխանության եկավ, գո՞հ եք, իհարկե, ոչ: Ես էլ գոհ չեմ: Մինչև նորմալ կուսակցություններ չձևավորվեն, հրաժարականի ժամանակ չէ: Կգան ընտրությունները և կգնանք կընտրենք:

- Տասնյակ կուսակցություններ կան` հարյուրի հասնող, նոր կուսակցություն բացվի, որ ընտրությո՞ւն կատարեք: Ի դեպ, ո՞ւմ կընտրեիք այս պահին:

- Տիգրան Խզմալյան, Արամ Զավենի Սարգսյան, Գուրգեն Սիմոնյան, Նորայր Նորիկյան: Ինչո՞ւ ոչ, եթե Դուք էլ մասնակցեք, գուցե հենց Ձեզ ընտրեմ (Ծիծաղում է):

- Այսինքն, իրենց արևմտամետ համարող ուժերին եք համակրում:

- Հա, բա հո ռուսամետներին չեմ ընտրելու:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

-