Հետևեք մեզ։

Ինձ համար այս թեման փակ է. ԿԳՄՍ նախարարը՝ նժդեհական գաղափարախոսությանը դեմ լինելու մասին

17:41, 21 ապրիլ 2023
Ինձ համար այս թեման փակ է. ԿԳՄՍ նախարարը՝ նժդեհական գաղափարախոսությանը դեմ լինելու մասին

Անցել ենք քննարկումների փուլը, մենք շատ ըմբռնումով ենք մոտենում, չեմ կարծում՝ բոլոր հարցերի շուրջ պետք է ունենանք մեկ մոտեցում, կարևոր եմ համարում, որ մենք կարողանում ենք բաց խոսել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ հանրակրթական ծրագրից հանելու վերաբերյալ Մայր Աթոռի մտահոգություններին:

 

«Ես ներկայացրել եմ չափորոշչի մեր մոտեցումը և վստահեցրել եմ, որ այն պատկերացումները, որ մենք ունենք, չպիտի վտանգեն այն կարևոր արժեքների փոխանցումը, որը բոլորս ենք կարևորում: Հակառակ կողմը այլ կերպ է ընկալում, որ պետք է լինի առանձին առարկայի տրամաբանության մեջ»,- ասաց Անդրեասյանը՝ նշելով՝ իրենք այդպես չեն պատկերացնում:

 

«Մենք ինտեգրված մոտեցումն ենք որդեգրել»,- ասաց նա:

 

Լրագրողի հարցին՝ գնացել է «Գարեգին Նժդեհ» ներկայացումը դիտելու, նախարարը պատասխանեց՝ ոչ, ԱԺ-ում քննարկումները չեն ավարտվել:

 

Հարցին՝ շարունակում է դեմ լինել Նժդեհին, նախ ասաց. «Դուք ինձ այդ հարցը անընդհատ տալո՞ւ եք: Ես էլ անընդհատ չեմ պատասխանելու», ապա հավելեց. «Ես չեմ պատրաստվում սպառված թեմաների շուրջ խոսակցություն բացել, ինձ համար այս թեման փակ է: Խնդրում եմ այս թեմայով ինձ այլևս չդիմել»:

 

Նշենք, որ 2012-ին տված հարցազրույցում այսօր արդեն ԿԳՄՍ նախարարը այսպես էր արտահայտվել Նժդեհյան գաղափարախոսության մասին.

«Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետև հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»:

Վերլուծական