Արցախը բռնի հայաթափվելուց հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի լրտեսության գործի նախաքննությունն ավարտվել է, ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: ՔԿ քննիչը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ նախաքննության ընթացքում Սարգիս Գալստյանն ասել է, որ 2020-ի պատերազմից հետո ադրբեջանցիների հետ կապ հաստատելու պատճառը Շուշիից արվեստի գործեր դուրս բերելն է եղել։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ավագ քննիչ Սիսակ Հայրապետյանն այդ առնչությամբ ասում է, որ արվեստի գործեր դուրս բերելու համար կան պետական մարմիններ, և երկրորդ՝ երբ նրան հարց է տրվել, թե իր ծավալած գործունեության մասին որևէ պետական պաշտոնյա տեղյակ եղե՞լ է, Սարգիս Գալստյանը տվել է որոշ պաշտոնատար անձանց անուններ, այդ թվում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անունը։ Շահրամանյանը առերեսվել է Գալստյանի հետ և հերքել։
Գալստյանը մեղադրանքը չի ընդունում։