Հետևեք մեզ։

Հոլիվուդյան դերասան Սփեյսիին մեծ գումար են վճարել, անգամ Ավինյանի հետ գինի խմելն է եղել «վճարովի»․ «Հրապարակ»

09:55, 12 հուլիս 2024
Հոլիվուդյան դերասան Սփեյսիին մեծ գումար են վճարել, անգամ Ավինյանի հետ գինի խմելն է եղել «վճարովի»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երևանի քաղաքապետարանն այս տարի 99 մլն դրամ է հատկացրել «Ոսկե ծիրանի» համար։ Գումարը տրամադրվել է երկու որոշմամբ․ մեկով՝ 39 մլն դրամ, մյուսով՝ 60 մլն։ Սա վերջին տարիներին հայկական այս կինոփառատոնին հատկացված ամենաբարձր ցուցանիշներից է։ 

 

Թե դրա որ մասն է ծախսվել հոլիվուդյան օսկարակիր դերասան Քեւին Սփեյսիին Հայաստան հրավիրելու նպատակով, պարզվեց` կոմերցիոն գաղտնիք է։ «Իրենք դիմել են մեզ, որ ծախսերի համար էսքան գումար է պետք, մենք այդ գումարն իրենց տվել ենք, իսկ Սփեյսիի մասով թիվ չենք ասի Ձեզ, որովհետեւ դա նրա հետ կնքված պայմանագրի կետերից մեկն է՝ որ նրա հոնորարի թիվը չպետք է հրապարակվի»,- հայտնում են քաղաքապետարանից։ Նկատենք․ մեր աղբյուրներն ասում են, որ պատկառելի գումար է վճարվել սկանդալային դերասանին` Հայաստան գալու համար, ընդ որում՝ այստեղ յուրաքանչյուր հանդիպումը եւս առանձին է վճարվել:

 

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով, ծախս արվել է, «բայց դա, կոպիտ ասած, Սնուփ Դոգի ծախսերը չեն»։ Հիշեցնենք, որ 2,3 մլրդ դոլար վճարեցին Սնուփ Դոգին, ով այդպես էլ չեկավ Հայաստան:
«Հրավերը քաղաքապետարանի հովանավորչության ընդհանուր փաթեթի մասն է, որը, Քեւին Սփեյսիի ներկայացուցչի հետ մեր պայմանավորվածության համաձայն, կոմերցիոն գաղտնիք է, որպեսզի ինչ-որ այլ միջոցառումների, իքս կամ իգրեկ փառատոնների համար հստակ չլինի, թե ինչքան է այդ գինը։ Այդ նկատառումով է արված, ոչ թե հանրությունից թաքցնելու համար»,- նշում է Կարեն Ավետիսյանը։ 

 

Ճի՞շտ է, որ Տիգրան Ավինյանի հետ գինի խմելը ե՛ւ վճարովի «ծառայություն» էր, ե՛ւ Սփեյսիին դրա համար նույնպես վճարվել է։ Նման լուրեր կան։ «Հրապարակի» հարցին «Ոսկե ծիրանի» տնօրենը պատասխանեց․ «Դա ես չեմ կարող ասել։ Ծախսը նման դեպքերում, այսինքն՝ փառատոնի շրջանակում, լինում է ավելի քիչ, քան երբ որ հրավիրում են առանձին վերցրած մի երկիր։ Եթե նա գալիս է փառատոն որպես դերասան, սա ավելի քիչ ծախս է, քան առհասարակ նրա, այսպես ասած, շուկայական գինն է»։ 

 

Դերասանի անվան հետ կապված սեքսուալ սկանդալից հետո սա երկրորդ փառատոնն է, որին նա ներկա է գտնվում։ Անցյալ տարի աշնանը նա մեկնել էր Ուզբեկստան՝ մասնակցելու կինոփառատոնի, բայց Սամարղանդում կաթված էր ստացել ու հիվանդանոց ընկել։ Այս անգամ էլ այցն ուղեկցվեց սկանդալով՝ ՀԿ-ները բողոքի ցույց արեցին Սփեյսիի այցի դեմ՝ «Ոսկե ծիրան»-ից պահանջելով դատապարտել «սեռական բռնությունը»՝ նկատի ունենալով 2017 թվականին դերասանին ներկայացված մեղադրանքները։ Միաժամանակ մի քանի տղամարդ նրան մեղադրել էին սեքսուալ ոտնձգությունների համար, ու թեեւ դատարանն արդարացրեց աստղին, բայց նրա անունը ջնջել էին կինոնախագծերից եւ հեռուստատեսությունից, նրան երկար ժամանակ չէին նկարում։ Ի դեպ, օրերս Ֆոլկստոնում Սփեյսին հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Վերահսկողություն» թրիլլերի համար, որտեղ նա չկա, եւ հնչում է միայն նրա ձայնը»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: