Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը մտադիր է մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հարաբերությունների կարգավորմանը, նա նշել է, որ «ցավոք, մեզ համար դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որ որդեգրել են Հայաստանի իշխանությունները բելառուս գործընկերների նկատմամբ»:
«Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը կայուն և ապահով Հարավային Կովկասում, նույնիսկ ամենադժվար ժամանակներում Բելառուսի ղեկավարի նախաձեռնություններն ուղղված են եղել հատկապես պատերազմող կողմերին հաշտեցնելուն»,- նշել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ «Մինսկը և Երևանը դաշնակիցներ են, որոնց հետ զարգացնում են բազմակողմ համագործակցություն»։
«Մոսկվան շահագրգռված է, որ հնարավորինս արագ ավարտվի մեր ընկերների միջև առկա բարդությունների շրջանը»,- ընդգծել է նա։
«Ամեն դեպքում, մենք հուսով ենք, որ ժամանակավոր տարաձայնությունները բացասաբար չեն ազդի ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում փոխգործակցության խթանման վրա»,- հավելել է Գալուզինը։