Մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները՝ խուսափելու համար սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Հաշվի առնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու և դեղորայքի ու բժշկական պարագաների բնականոն մատակարարման խնդիրների պատճառով Արցախում պլանային բոլոր վիրահատությունները դադարեցվել էին, ինչը հանգեցրել է շուրջ 1130 վիրահատության չեղարկման:
Շրջափակման 131 օրվա ընթացքում՝ Առողջապահության նախարարության ու բուժհաստատությունների ղեկավարության կողմից որոշում է կայացվել մասնակիորեն վերականգնել պլանային վիրահատությունները: Տվյալ որոշման նպատակն է խուսափել սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից, և վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը:
Պատասխանատուների կողմից լրացուցիչ ջանքեր են գործադրվել վիրահատությունների սահմանափակ քանակի համար անհրաժեշտ պարագաների որոշակի ծավալի ապահովման ուղղությամբ:
Հարկ է նշել, որ «Կարմի խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում միայն այն բուժառուները, որոնց բժշկական օգնությունը հնարավոր չէ կազմակերպել Արցախում՝ հաշվի առնելով անհրաժեշտ բժշկական սարքավորումների և հետազոտությունների իրականացման բացակայությունը։
Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները
18:06, 21 ապրիլ 2023