2023-ի սեպտեմբերին՝ Արցախի բռնի հայաթափման օրերին, Բաքվի կողմից առևանգված, գերության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի «քրեական գործերը» ուղարկվել են «դատարան»։
Այս մասին օրեր առաջ հայտարարել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։
Hayastan.news-ը պարզել է՝ «ադրբեջանական օրենսդրությամբ» ինչ ենթադրյալ արարքներ են վերագրվում Արցախի քաղաքական վերնախավի գործիչներին և ըստ այդմ՝ «քրեական օրենսգիրքը» որքան պատժաչափ է նախատեսում վերագրվող «արարքների» համար։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքուն «մեղադրում է ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու, օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Ադրբեջանական յանրապետություն ապօրինի մուտքը կազմակերպելու մեջ»։ Այս արարքների համար «ադրբեջանական օրենսդրությունը» սահմանում է 8-12 տարի ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ, 3-8 տարի ազատազրկում, ինչպես նաև տուգանք։
2006 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի դատախազությունը որոշում է կայացրել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանին «որպես մեղադրյալ ներգրավել ԱՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (խոշտանգում) հատկանիշներով»:
Սույն հոդվածը սահմանում է 7-10 տարվա ազատազրկում։
Պաշտոնական Բաքուն «Ադրբեջանական քրեական օրենսգրքով» Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին վերագրում է տարատեսակ մեղադրանքներ, որոնք օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանում են գույքի բռնագանձում, տարբեր ժամկետներով ազատազրկումներ և ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Դիանա Կարապետյան