Թուրքիան ցանկանում է, որ համաձայնագիր ստորագրվի և խաղաղություն հաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Պատասխանելով լրագրողների հարցին մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին՝ Էրդողանը բառացիորեն ասել է հետևյալը. «Այս հարցի վերաբերյալ որոշումը կկայացնի Իլհամ բեյը, ոչ թե ես։ Բայց մի բան հստակ է՝ մենք ցանկանում ենք համաձայնագրի ստորագրում եւ խաղաղության հաստատում Երեւանի ու Բաքվի միջեւ»։
Էրդողանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում Թուրքիան տեսնում է, որ դրական քայլեր են արվում։ «Իմ եղբայր Իլհամը նույնպես ինձ հետ հանդիպումների ժամանակ ասել է, որ ինքը դրական քայլերի կողմնակից է»,- ասել է թուրքական պետության ղեկավարը։