Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Առաջին կանգառը եղել է Գորիսի բժշկական կենտրոնը, որտեղ նախարարին դիմավորել է ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բուժհաստատությունն ունի վերանորոգված և վերազինված անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
Նախարարին է ներկայացվել մատուցվող ծառայությունների ծավալը, հագեցվածությունը։
Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են Արյան կայանի շինաշխատանքները։
Նախարարը հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և տվել հանձնարարականներ պատասխանատուներին։
Կապիտալ շինարարության ծրագրով Գորիսում նախատեսվում է պոլիկլինիկայի նոր շենքի կառուցումը։
Նախագծման փուլում է նաև Խնձորեսկի ամբուլատորիայի կառուցումը, որը կսպասարկի համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։
Նախարարն անդրադարձել է նաև 2024թ. առաջին կիսամյակում Գորիսի տարածաշրջանի բժշկական հաստատությունների ԱԱՊ բուժաշխատողների գործունեությանը և դրա դիմաց խրախուսական (բոնուսային) վարձատրության ցուցանիշներին: Տարածաշրջանի բոլոր թերապևտները, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները և բուժակ֊մանկաբարձական կետի բուժքույրերը ստացել են հավելավճարներ։
Անահիտ Ավանեսյանի այցը Գորիսում ավարտվել է Ֆրանս֊հայկական սրտաբանական կենտրոնում և այնտեղ գործող վերականգնողական կենտրոնում։