Մայիսյան հեղեղումների հետևանքով գույքային վնաս կրած Լոռու և Տավուշի մարզերի բնակիչները ՀՀ կառավարության սահմանած դրամական փոխհատուցումները ստանալու համար դիմումներ պետք է ներկայացնեն հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ: Այդ մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Բանախոսը նշեց, որ հեղեղումներից տուժած ֆիզիկական անձանց Կառավարությունը տրամադրելու է երկու տեսակի փոխհատուցում՝ բնակելի տարածքի բարեկարգման և վնասների վերացման, ինչպես նաև առաջնային նշանակության կենցաղային գույքի ձեռքբերման համար: Առաջին խմբում ներառված են հեղեղումների հետևանքով վնասված բազմաբնակարան շենքերի բնակարանները և անհատական բնակելի տները:
Սահմանվել է նաև, թե ովքեր կարող են օգտվել փոխհատուցման ծրագրից: Ըստ այդմ՝ փոխհատուցում ստանալու են սեփականության իրավունք ունեցող անձինք, որոնք անշարժ գույքը ձեռք են բերել ցանկացած օրինական եղանակով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում հրատապ լուծումների անհրաժեշտությունը՝ շատ բարդ վարչարարական ընթացակարգեր չեն նախատեսված:
«Այսինքն, չենք պահանջել կադաստրի կոմիտեում իրավունքի պետական գրանցման առկայություն: Քաղաքացիները կարող են ներկայացնել հիմնավոր իրավական տեղեկատվություն առ այն, որ իրենք այդ անշարժ գույքը ձեռք են բերել օրինական կարգով: Օրինակ, կարող է դատական ակտով հաստատված լինի անձի սեփականության իրավունքը, բայց անձը դեռ հասցրած չլինի կադաստրի կոմիտեում գրանցել իր իրավունքը: Կարող է ընդունած լինի գույքը որպես ժառանգություն, ժառանգության վկայագիրը ևս լինի, բայց կրկին դեռևս պետական գրանցում իրականացրած չլինի: Այսինքն, փորձել ենք ավելի ճկուն կարգավորումներ նախատեսել»,- մանրամասնեց Արփինե Սարգսյանը:
Դասակարգվել է նաև գույքային վնասի տեսակը և դրա համար նախատեսված փոխհատուցման հաշվարկման կարգը: Բնակարանի գնման վկայագրեր կհատկացվեն երկու առանձնատների և 16 բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերին: Այսինքն, այն քաղաքացիներին, որոնք կորցրել են իրենց բնակելի տարածքը՝ փլուզման, ոչնչացման կամ վթարային քանդման ենթակա դառնալու հանգամանքով պայմանավորված: Մինչև այդ կհստակեցվի նրանց վնասված բնակարանի մակերեսը, որը կբազմապատկվի կադաստրի կոմիտեի սահմանած շուկայական միջին արժեքով: Ստացված գումարի չափով էլ նրանց կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր:
Միայն վերանորոգման կարիք ունեցող բնակարանների և տների պարագայում փոխհատուցումը տրամադրվելու է գոտիավորման կարգով: Առավել շատ տուժած բնակավայրերի պարագայում (գերազանցապես Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի) հեղեղումների հետևանքով հեղեղված մաս ունեցող բնակելի տարածքի 1 քառակուսի մետրի համար կտրամադրվի 60 հազար ՀՀ դրամի չափով փոխհատուցում: Ավելի քիչ տուժած բնակավայրերի դեպքում 1 քմ հաշվարկով կտրամադրվի 40 հազար դրամի փոխհատուցում:
Նմանապես, գոտիավորման կարգով փոխհատուցում է նախատեսված կենցաղային առաջնային գույքի ձեռքբերման համար: Վերոնշյալ առաջին գոտում այդ նպատակին կտրամադրվի 1 մլն 200 հազար, իսկ երկրորդում՝ 800 հազար դրամ:
Արփինե Սարգսյանը նշեց նաև, որ սահմանված է բնակտարածքի հաշվարկման առավելագույն շեմ՝ 80 քառակուսի մետր:
Փոխհատուցման գումարների նպատակային օգտագործման վերահսկողությունն ապահովելու համար որոշվել է, որ դրանցով գործարքները պետք է կատարվեն ոչ կանխիկ եղանակով:
Նշվեց, որ բնակելի տարածքների դեպքում գումարը տրամադրվելու է 4 փուլով՝ 25-ական տոկոս բաժնեմասով: Ընդ որում՝ առաջին 25 տոկոսը միանվագ կփոխանցվի քաղաքացուն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել բնակելի տարածքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ: Մնացած հերթական վճարումները կկատարվեն յուրաքանչյուր նախորդ վճարման համար նախատեսված անկանխիկ վճարման սահմանաչափի ապահովումից հետո: Այսինքն, հաջորդ վճարումը քաղաքացին կարող է ստանալ, եթե ցույց տա առաջին վճարման 60 տոկոսի չափով անկանխիկ գործառության իրականացումը:
Նույն մեխանիզմը կիրառվելու է նաև կենցաղային առաջնային գույքի ձեռքբերման դեպքում: Գումարը տրամադրվելու է երկու մասով՝ 70 և 30 տոկոս համամասնությամբ: Ընդհանուր առմամբ, փոխհատուցման բոլոր գումարների իրացման 60 տոկոսը պետք է կատարվի անկանխիկ եղանակով:
Նախատեսված է նաև, որ քաղաքացին կարող է բանկային փոխանցման միջոցով շինանյութ կամ կենցաղային գույք ձեռք բերելու գումարը փոխանցել այն ընկերությանը, որից պատրաստվում է գնում կատարել:
Փոխհատուցման ստացման համար դիմումները պետք է ներկայացնել հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ: