Հետևեք մեզ։

Ինչո՞ւ ոչ, Փաշինյանին մենք արդեն ասել ենք ամեն ինչ․ Էրդողանը՝ հայ-ադրբեջանական խաղաղության ու Հայաստանի հետ սահմանը բացելու մասին

23:38, 12 հուլիս 2024
Ինչո՞ւ ոչ, Փաշինյանին մենք արդեն ասել ենք ամեն ինչ․ Էրդողանը՝  հայ-ադրբեջանական խաղաղության ու Հայաստանի հետ սահմանը բացելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացման հնարավորությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի դրական արդյունքի դեպքում։ Լրագրողները թուրք առաջնորդին հարցրել են, թե արդյոք Անկարան կարող է մտածել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման մասին, երբ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր ստորագրեն, և տարածաշրջանում խաղաղ մթնոլորտ հաստատվի։

 

«Ինչո՞ւ ոչ, Փաշինյանին մենք արդեն ասել ենք ամեն ինչ այս հարցում, մենք պետք է բացենք բոլոր առագաստները խաղաղության համար, հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղություն ձեռք կբերվի մոտ ապագայում։ Ինչպես Թուրքիան, այնպես էլ մենք ամբողջ սրտով աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք կցանկանայինք, որ նման դրական կողմերով լուծումներն ընդունվեին առանց հապաղելու, և ձեռնարկվեին անհրաժեշտ գործողություններ»,- Վաշինգտոնից վերադառնալուն պես ասել է թուրք առաջնորդը։

 

Նրա խոսքով, տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս. «Եվ մենք հուսով ենք, որ դրանք լավ նորության կվերածվեն: Կարևոր է, որ մյուս երկրները նմանատիպ մոտեցում ցուցաբերեն և նպաստեն խաղաղ գործընթացին, որպեսզի հնարավորինս շուտ հաստատվի կայուն խաղաղություն»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։