Հայաստանը 2024 թվականին միջոցներ չի փոխանցել ՀԱՊԿ-ի բյուջե, սակայն այն գումարը, որը պետք է վճարի 2025 թվականի համար, կհաշվարկվի, և համապատասխան փաստաթղթեր կուղարկվեն կառավարություն։
«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդել է, որ այս տեսակետները հնչեցրել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
ՀԱՊԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանն այս տարվա համար կազմակերպությանը պարտք է 53,22 մլն ռուբլի։ Զեկուցվել է, որ պաշտոնական Երևանի կողմից գումարը չվճարելու որոշումը չի մեկնաբանվի, քանի որ այն քաղաքական բնույթ է կրում։
Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ Ռուսաստանը վճարում է տարեկան բյուջեի 50 տոկոսը, իսկ մնացած մասը ձևավորվում է անդամ այլ երկրներից փոխանցումների հիման վրա։