Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը նամակ է գրել ԱՄՆ նախկին առաջնորդ և նախագահի ներկայիս թեկնածու Դոնալդ Թրամփին, ում դեմ մահափորձ էր արվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հանրահավաքի ժամանակ, գրում է Mirror թերթը՝ հղում անելով Բուքինգեմյան պալատին։
«Չարլզ թագավորը անձնական նամակ է գրել Թրամփին՝ կապված նրա դեմ մահափորձի հետ: Թագավորի ուղերձը ԱՄՆ նախկին նախագահին փոխանցվել է կիրակի օրը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջոցով»,- ասվում է հոդվածում։
Բուքինգեմյան պալատի տվյալներով՝ նամակի բովանդակությունը չի հրապարակվի։ Սակայն Mirror-ը ենթադրել է, որ հաղորդագրության տեքստը համապատասխանում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Թրամփի զրույցին հարձակումից հետո։
Sky News-ն ավելի վաղ հայտնել էր, որ բրիտանական կառավարության ղեկավարը ԱՄՆ նախկին նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է մահափորձը, ինչպես նաև ապաքինում է մաղթել Թրամփին։