Հետևեք մեզ։

Արագածոտնում 10 ժամից ավելի որոնել են Փաշինյանին հարց տված քաղաքացուն․ ինչ են պատմել հարազատները․ shamshyan.com

15:55, 15 հուլիս 2024
Արագածոտնում 10 ժամից ավելի որոնել են Փաշինյանին հարց տված քաղաքացուն․ ինչ են պատմել հարազատները․ shamshyan.com

Հուլիսի 13-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին են դիմել Ծաղկահովիտ բնակավայրի բնակիչ 32-ամյա Արտակ Ն.-ի հարազատները և հայտնել են, որ Արտակ Ն.-ն առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում տնից դուրս է եկել Շիրակի մարզ մեկնելու, դեղ գնելու նպատակով, սակայն մինչև այժմ նրանից տեղեկություններ չունեն և հայտնել են, որ ունեն կասկածներ, որ նրա հետ ինչ-որ վատ բան է պատահել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, Ծաղկահովիտ գյուղի բնակչության մեծ մասը, փրկարարները կինոլոգների հետ 10 ժամից ավելի որոնողական աշխատանքներ են կատարել՝ Արտակ Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Գեղաձոր-Հնաբերդ ճանապարհահատվածում հայտնաբերվել է նրան պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենան՝ ճամփեզրին կայանված, դռները բաց վիճակում:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են անձնական իրերը:

Ավտոմեքենան հայտնաբերել են նրա հարազատները և տեղեկությունը փոխանցել ոստիկանության Արագածի բաժին:

 
Ժամեր շարունակ որոնողական աշխատանքների՝ արդյունք չտալու պատճառով դեպքի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Արդեն գիշերը՝ ժամը 21:30-ի սահմաններում, նրան Ծաղկահովիտ բնակավայրի սկզբնամասում իր ազգականը հայտնաբերում է, որից հետո նրանք ներկայանում են ոստիկանության Արագածի բաժին:

Կայքի հետ զրուցում նրա հարազատներն ասել են, որ նրա նկատմամբ հավանաբար հաշվեհարդար են տեսել, քանի որ երբ 1 օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արագածոտնի մարզ, Լեռնապար գյուղում ինքը վարչապետին դժգոհել է ճանապարհների ոչ որակյալ ասֆալտապատման համար, հայտնել է, որ ավարտին չի հասցվում Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները, ու հարազատները ասել են, որ դա է եղել պատճառը, որ նրան առևանգել են:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ Արտակ Ն.-ն Ծաղկահովիտ համայնքի սոցիալական աջակցության հարցերով բաժնի պետն է, ով Ծաղկահովիտում ունի նաև ատամնաբուժարան:

Իրավապահներն էլ ունեն կասկածներ, որ ոչ մի առևանգում տեղի չի ունեցել և նրա անհետանալը կապ չունի նրա հարազատների կողմից բարձրաձայնված այն խնդիրների հետ, որ եթե նա վարչապետին ոչ հաճելի հարցեր չտար, ապա նրա հետ այս դեպքը տեղի չէր ունենա:

Հարազատերը նշում էին նաև, որ իրենք ՀՀ վարչապետից ու Կառավարությունից ոչ մի դժգոհելու առիթ չեն ունեցել, միշտ աջակցել են Կառավարության ծրագրերին ու վարչապետը ոչ մի կապ չունի այդ դեպքի հետ, այլ ասում էին, որ հնարավոր է՝ ասֆալտապատում կատարող ընկերության մատն է խառը: