Հետևեք մեզ։

Երբ ֆուտբոլային մեծ խաղերը «համընկնում են» ՀՀ պաշտոնյաների գործուղումներին. «ՍիվիլՆեթ»

17:09, 15 հուլիս 2024
Երբ ֆուտբոլային մեծ խաղերը «համընկնում են» ՀՀ պաշտոնյաների գործուղումներին. «ՍիվիլՆեթ»

Հայաստանում տարբեր պաշտոնյաներ, իշխող ուժի ներկայացուցիչներ ֆուտբոլային մեծ մրցաշարերի ընթացքում առիթը բաց չեն թողնում աշխատանքային այցով մրցաշարերը հյուրընկալող երկրներ մեկնելու համար։ Ընդ որում, աշխատանքային այցի արդյունքներն ամփոփող հաղորդագրություններից կարելի է դատել, որ շրջագայությունները կազմակերպվում են հիմնականում ֆուտբոլային մեծ հանդիպումներին ներկա գտնվելու համար, գրում է «ՍիվիլՆեթ»-ը։

 

Այսպես՝ Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության ժամանակ Հայստանից Գերմանիա է մեկնել երկու պատվիրակություն։ Հունիսի 18-ին հայտարարվեց, որ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնում է Գերմանիա։ Պատվիրակության կազմում էին նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

 

Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությունը մեկնում էր Մյունխեն, Բեռլին ու Լայպցիգ՝ ակադեմիական քաղաքի կառուցման հարցում համագործակցության, ոլորտային համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։ Հետագայում, սոցցանցային հրապարակումներից երևում էր, որ հայկական պատվիրակությունը գնացել էր դիտելու Եվրոյի C խմբի Ֆրանսիա-Նիդեռլանդներ հանդիպումը։ Նրանց հետ էր նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

 

Այս պատվիրակության վերադարձից հետո Գերմանիա մեկնելու հերթը Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբինն էր։ Այս խմբում ներգրաված էին ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Հռիփսիմե Հունանյանը և Միքայել Թումասյանը։ Նրանց այցի մասին հաղորդագրություններում ու սոցցանցերում Եվրոպայի առաջնության հանդիպմանը հետևելու մասին դրվագներ չկան։ Այնուհանդերձ, այցը տարoրինակ էր, եթե հաշվի առնենք, որ Հայաստանից բարեկամական խումբը Գերմանիա էր մեկնել նաև այս տարվա մարտին, փաստացի, հաջորդ այցը հայկական կողմը կազմակերպել է մոտ երեք ամիս անց։

 

Ֆուտբոլային մեգամրցաշարերին որպես հանդիսատես մասնակցելու «հաջողված փորձ» ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 2022-ի աշնանն ու ձմռանը Կատարում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Սիմոնյանի պատվիրակությունը մեկնել էր այդ երկիր։ Նրա մամուլի քարտուղարն ասել էր, որ Սիմոյանը Կատարի խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել դիտելու աշխարհի առաջնության երկու խաղ։ Սիմոնյանի պատվիրակության կազմում էին ԱԺ արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանն ու Սիմոնյանի օգնական Համլետ Գևորգյանը։

 

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին մեկնել էր Սլովենիա՝ հանդիպելու սլովենացի բարձրատիճան պաշտոնյաների։ Այս այցը «պատահականորեն» համընկնում էր Սլովենիա-Հայաստան ընկերական խաղի օրվա հետ, ու հանդիպման հեռարձակման ընթացքում մի քանի անգամ մարզադաշտի պաշտոնյաների համար նախատեսված օթյակում ցուցադրեցին Ալեն Սիմոնյանին։

 

Բոլոր այս ֆուտբոլային հանդիպումներին պաշտոնյաների մասնակցությունն ու այդ օրերին ընթացող մրցաշարերը հյուրընկալող երկրներ այցելությունները, այդ այցերի ընթացքում հանդիպումների շրջանակը հարցեր են առաջացնում դրանց նպատակահարմարության ու արդյունավետության վերաբերյալ։ Օրինակներից մեկը Հայաստանից բարեկամության խմբի մեկնումն էր Գերմանիա այն դեպքում, երբ մոտ երեք ամիս առաջ նման այց արդեն եղել էր։ 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։