2021-ի դեկտեմբերին այդ ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Վանաձորի ավագանու ընտրութուններում ամենաշատ ձայն հավաքած Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր։ Մինչ օրս Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ է։
Քիչ առաջ դատարանը փոխել է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը․ դատարանը գրավ է սահմանել 10 մլն դրամի չափով։ Այս մասին տեղեկությունը Hayastan.news-ի հետ զրույցում հայտնեց Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը։
Հարցին, թե ինչով են պայմանավորում դատարանի նման որոշումը, քանի որ այդ տարիների ընթացքում դատարանը բազմաթիվ միջնորդություններ է մերժել՝ Մամիկոն Ասլանյանին պահելով կալանքի տակ, պաշտպանն ասաց․«Դեռ որոշումը չենք ստացել, գուցե պայմանավորված է յոթ վկայից վեցի հարցաքննության ավարտով, մնացել է միայն համայնքապետի պաշտոնակատարը, որն այսօր հայտնել էր, որ աշխատանքային գրաֆիկով պայմանավորված չի կարող ներկայանալ դատարան»։
Հարցին,թե երբ դուրս կգա՞ կալանավայրից Մամիկոն Ասլանյանը, պաշտպանն ասաց․ «Երբ գումարը վճարելու խնդիրը լուծենք»։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ, ինչից հետո կալանքի միջնորդություն էր ներկայացվել, որը բավարարվել էր։