Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասում էր, որ Թուրքիայի ու Հայաստանի մերձեցմանը խանգարում է հայկական Սփյուռքը, հետևաբար, նաև այսօրվա իշխանությունների ձեռամբ, հզորագույն գործոնը՝ Սփյուռքը, պետք է չեզոքացվի։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց դիվանագետ Վահագն Մելիքյանը։
«Բեկումնային ջրբաժանը սկսվեց 44-օրյա պատերազմի ու նրան հաջորդած ժամանակաշրջանում։ Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել։
Սփյուռքը ոտքի էր կանգնել Հայաստանի Հանրապետությանը նեցուկ լինելու համար, սակայն դրա դիմաց ստացավ խորն անվստահություն, չհրապարակված դրամական հոսքեր, հանգանակությունից գոյացած ծանրոցներ, որոնք չծառայեցին իրենց նպատակներին և որոշ պաշտոնյաների տներից այդ արկղերը հայտնաբերելու փաստեր»,-ասաց Մելիքյանը։
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի անկախությունից առ այսօր երկիրը երբեք չի ունեցել այսքան պառակտված, Սփյուռքը հայրենիքից այսքան հեռացած իրավիճակ․
«Սա քննադատություն չէ, սա իրավիճակի գնահատականն է։ Սա մի իրավիճակ է, երբ վաղը կարող ենք հասնել անդառնալի մի կետի։ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունից մնացել է միայն կիսատ, թույլ, տկար մեկ ուղղություն՝ Հայաստանը, թևերը կտրված, մի թևը Ափյուռք, մյուս թևն Արցախ ու սա օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է»,-ասաց նա։