Հետևեք մեզ։

Եթե Պողոս առաքյալի փաշինյանական մեկնաբանությանը հետևենք, կստացվի, որ Հիսուսին խաչողները աստվածային իշխանությամբ են առաջնորդվել, շարունակենք աղոթել տիար Փաշինյանի համար․ Տեր Զարեհ Աշուրյան

11:42, 22 ապրիլ 2023
Եթե Պողոս առաքյալի փաշինյանական  մեկնաբանությանը հետևենք, կստացվի, որ Հիսուսին  խաչողները  աստվածային իշխանությամբ են  առաջնորդվել, շարունակենք աղոթել տիար Փաշինյանի համար․ Տեր Զարեհ Աշուրյան

Տեր Զարեհ Աշուրյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, երբ վերջինս հիշատակեց Պողոս առաքյալի խոսքերից՝ նշելով․ «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»:

Ֆեյսբուքի իր էջում Տեր Զարեհը «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան» վերտառությամբ գրառում է կատարել։

 

««Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան

 

Երեկ  Ազգային  ժողովում  Նիկոլ  Փաշինյանը եզրափակիչ  ելույթում  անդրադարձավ  նաև  Հայ Եկեղեցու հետ իշխանությունների լարվածությանը  ի  մասնավորի  նկատելով.

 

«Եթե  եկեղեցու  հարաբերությունները  լավ չեն կառավարության  հետ, ուրեմն  եկեղեցու հարաբերությունները  լավ  չեն Աստծու հետ: Պողոս  առաքյալից մի  մեջբերում  անեմ,  ասում է՝  չկա  իշխանություն, որ Աստծուց  չլինի,  ով հակառակվում  է իշխանությանը,  Աստծուն է հակառակվում,  թող  եկեղեցին  իր հավատի,  իր էության  մասին  մտածի»,-եզրափակեց վարչապետը:

 

Պողոս  առաքյալի  համապատասխան  տողի փաշինյանական  մեկնաբանությունը  հարցեր  է առաջացնում:  Մասնավորապես,  եթե «չկա իշխանություն,  որ Աստծուց  չլինի»,  ապա  այդ դեպքում՝

 

 1. ինչո՞ւ Դուք  գլխավորեցիք  հանրապետության երրորդ  նախագահին  իշխանազրկելու նախաձեռնությունը  և « մերժեցիք Սերժին»,

 

 2. ի՞նչ հիմքով եք դատում  հանրապետության երկրորդ  նախագահ  Ռոբերտ Քոչարյանին,

 

 3. Եվ  վերջապես  ինչո՞ւ եք  անտեսում  հոգևոր իշխանությունը,  Հայոց  Եկեղեցին:

 

Եթե  անկախ  Հայաստանի  «ամենահոգևոր» և «ամենահավատացյալ»  վարչապետն իրոք հավատում  է,  որ «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ուրեմն Փաշինյանն ինքն «Աստծուն  է  հակառակվում»  ի դեմս երկու նախագաների: Երրորդ կետի՝ հոգևոր իշխանության մասով մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

 

Ինչ վերաբերում է սաղմոսերգու և պողոսագետ վարչապետի մյուս  հայտարարությանը,  թե՝ «թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի», ապա  նշենք,  որ եկեղեցին, այս դեպքում Հայոց Եկեղեցին,  քանի որ ենթադրում ենք նա իր կոչը Հայոց Եկեղեցուն է ուղղել, իր հավատի մասին  մտածել է Դ-Ե դարերում արդեն, որին  կարող է ծանոթանալ երեք տիեզերաժողովների կանոնների միջոցով:

 

Իսկ «եկեղեցու էությունը» Պողոս առաքյալը  դեռևս առաջին  դարում  է սահմանել՝  եկեղեցին համեմատելով Քրիստոսի մարմնի հետ (տե՛ս Եփես. 5.29–30, Կող. 1.18, Ա Կորնթ. 12.13): Հայոց Եկեղեցու հավատքը ենթակա չէ վերատեսության,  ինչպես  նաև  եկեղեցու մասին Պողոս  առաքյալի  բնորոշումը:  Փաշինյանը հավանաբար  մոռացել է, որ Եկեղեցի բառը հուն.  εκκλησια – էկլեսիա (էքլիսիա) – հավատացյալների ժողով բառից է ծագում, և այն  որևէ  ձևով  նույնական  չէ հոգևոր դասի հետ: Այլ խոսքով՝ Քրիստոսի անունով հավաքված ժողովուրդն է եկեղեցին:

Ստացվում է, որ հավատացյալ ժողովո՞ւրդը պիտի մտածի իր հավատի և էության մասին: Կարծես թե այդքան էլ լավ չի ստացվում, բայց անցնենք առաջ:

 

Գալով Պողոս առաքյալի խոսքին, թե՝ «Ամեն մարդ, որ իշխանության տակ  է, թող հպատակվի նրան.  քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած  իշխանությունները Աստծուց են կարգված…» (Հռոմ. 13.1), ապա պետք է նկատել, որ  խոսքը  միայն աշխարհիկ  իշխանությանը  չի վերաբերում, այլ իշխանությանն  առհադարակ:

 

Եվ ավելին:  Հրեական  մտածողության մեջ իշխանությունը՝  մյուսների մասին հոգ տանելու կարողությունն  է,  որն անմիջական կախման  մեջ է գտնվում  Աստծու  կամքից:  Ըստ այնմ՝ բոլոր  նրանք, որ իշխանություն ունեն՝ թագավոր,  քահանա,  դպիր,  պետք է Աստծու անունից  գործեն՝ իրենց  ղեկավարմամբ տեսանելի դարձնելով դա:

 

Ամփոփենք:  Եթե Պողոս առաքյալի փաշինյանական  մեկնաբանությանը հետևենք, ապա կստացվի, որ Եգիպտոսից փախչող իսրայելացիները  պետք է հնազանդվեին փարավոնին և  առնվազն  կոտորվեին,  որ Հիսուսին  խաչողները  աստվածային իշխանությամբ են  առաջնորդվել,  որ գաղութատիրությունն ու ստրկավաճառությունն աստվածային օրհնություններ էին, որ ֆաշիզմի դեմ պայքարը պարզապես հակառակություն էր Աստծուն և  վերջապես, որ  1915 թ. հայոց ցեղասպանությունը ոչ ավել ոչ պակաս Աստծու կամքն էր: Բոլոր հիշյալ իրադարձություններն ու երևույթներն էլ գործ ունեն իշխանության հետ:

 

Այսպիսով՝  շարունակենք  աղոթել ՀՀ վարչապետ տիար Փաշինյանի համար»: