Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Աթալի կառավարության հրաժարականը, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Նախագահն ընդունել է Գաբրիել Աթալի կառավարության հրաժարականը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի ավելի վաղ նախագահը նախարարների կաբինետի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրենց հրաժարականից հետո նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները։ Մակրոնը հասկացրել է, որ այս իրավիճակը կարող է տևել մի քանի շաբաթ, հավանաբար մինչև Օլիմպիական խաղերի ավարտը։ Սա նշանակում է, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություններ չի առաջադրի, այլ կարող է արձագանքել արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ արտակարգ դրություն հայտարարելով։