Սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներում։ Այս մասին հայտնում է ABCnews-ը։
Նյու Ջերսիի 70-ամյա դեմոկրատին մեղադրանք է առաջադրվել շորթման, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և կաշառք ստանալու մեջ՝ Եգիպտոսի և Կատարի հետ կապեր ունեցող գործարարներին ծառայություններ մատուցելու համար:
Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչել 16 դաշնային մեղադրանքում։
Ատենակալների որոշման հրապարակումից հետո արդեն պահանջում են նրա հրաժարականը․
Մեծամասնության առաջնորդ սենատոր Չակ Շումերը դատավճռից անմիջապես հետո կոչ է արել հրաժարական տալ․
«Այս մեղավորության վերդիկտի լույսի ներքո սենատոր Մենենդեսն այժմ պետք է անի այն, ինչ ճիշտ է իր ընտրողների՝ Սենատի և մեր երկրի համար, և հրաժարական տա»,- ասել է նա։
Մենենդեսը կդատապարտվի հոկտեմբերի 29-ին, նրան սպասվում է տասնամյակների ազատազրկում:
Դատախազները պնդում էին, որ 70-ամյա Մենենդեսը «վաճառքի է հանել իր իշխանությունը» ոսկու, փողով լցոնված ծրարների դիմաց։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է ոսկու ձուլակտորներ և ավելի քան 400,000 դոլար կանխիկ գումար, որոնք թաքցված են եղել նրա տանը, այդ թվում՝ բաճկոններ և կոշիկներ, հայտնել են դատախազները:
«Նրա համար բավական չէր լինել Վաշինգտոնի ամենահզոր մարդկանցից մեկը», - ասել է դաշնային դատախազ Փոլ Մոնտելեոնին հուլիսի 8-ին իր եզրափակիչ ելույթի ժամանակ․ «Ռոբերտ Մենենդեսը ցանկանում էր այդ ամբողջ իշխանությունը»:
Մինչդեռ պաշտպանական կողմը պնդել է, որ դատախազները չեն կարողացել ապացուցել, որ նա կաշառք է վերցրել: