Հետևեք մեզ։

Այս հարցը չի ընդգրկվում ՄԻՊ մանդատի շրջանակներում, բայց ես անընդհատ զբաղվում եմ․ Անահիտ Մանասյանը՝ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ

11:51, 17 հուլիս 2024
Այս հարցը չի ընդգրկվում ՄԻՊ մանդատի շրջանակներում, բայց ես անընդհատ զբաղվում եմ․ Անահիտ Մանասյանը՝ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջազգային տարբեր կազմակերպություններում անընդհատ բարձրաձայնում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, նրանց իրավունքների խախտումների հետ կապված հարցերը։ ՄԻՊ-ի խոսքով՝ հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ ընդհանրապես ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, որովհետև գերիների հիմնարար իրավունքների խախտումները հանգեցնում են աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների։ «Արմենպրես»-ը զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, խոսել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված հարցի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման, Տավուշի սահմանամերձ բնակավայրերի անվտանգային խնդրի և այդ համատեքստում անձանց իրավունքների պաշտպանության, Հայաստանում կիրառվող կալանքի պրակտիկայի, ատելության խոսքի տարածման թեմաների և ՄԻՊ-ի առաջիկա ծրագրերի մասին։ 

- Տիկին Մանասյան, ավելի քան մեկ տարի է` ընտրվել եք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարվա ընթացքում։ 

- Կառանձնացնեմ մի քանի կարևոր ոլորտ, որոնց հետ կապված այս մեկ տարվա ընթացքում շատ ակտիվ գործունեություն ենք ծավալել։ Կան ոլորտներ, որտեղ շեշտակի զարգացում ենք ունեցել։ Մասնավորապես, իրավահավասարության և հակախտրականության ոլորտը, որտեղ գրեթե բոլոր բնագավառներում ունեցել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության բոլորովին այլ տրամաբանությամբ զարգացում։ 

Այս ոլորտը առանձնացվել է այն պատճառով, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գնահատող միջազգային կազմակերպությունները տարբեր դիտարկումներ են ներկայացրել հատկապես այս ոլորտում Պաշտպանի գործունեությունը շատ ավելի կատարելագործելու ուղղությամբ։ Այս մեկ տարվա ընթացքում, մասնավորապես, շատ մեծ ծավալով ազգային փոքրամասնությունների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման, գենդերային հավասարության և այլ խնդիրներով իրականացրել ենք այնպիսի գործունեություն, որը միանշանակ տարբերվում է նախորդ տարիներին իրականացրած գործունեության տեսակներից։ Մասնավորապես, եթե դիտարկեք նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, կնկատեք, որ այս ոլորտների առումով շեշտակի տարբերություններ կան։  

Շատ լայն ծավալով գործունեություն ենք իրականացրել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, քրեական վարույթների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, հավաքների ազատության, խոսքի ազատության, ատելության խոսքի և ընդհանրապես անհանդուրժողականության միջավայրի հաղթահարման և այլ ոլորտներում։ Այստեղ էլ, կարծում եմ, զարգացումները բազմաթիվ են։ Հետագայում էլ շատ ավելի մեծ ծավալով ենք շարունակելու այս գործունեության տեսակների իրականացումը։ Գործունեություն ենք իրականացրել նաև մի շարք այլ ոլորտներում, որոնց առնչությամբ կարող եմ խոսել հարցազրույցի այլ հարցերի շրջանակներում։

- Հայտնի է, որ Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել մի քանի տասնյակ գերիների։ ՄԻՊ-ն ի՞նչ աշխատանքներ է տանում նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված, այս ուղղությամբ միջազգային կառույցների հետ ի՞նչ աշխատանքներ են տարվում: 

- Նշեմ, որ այս հարցն, իհարկե, ուղղակիորեն չի ընդգրկվում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, բայց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների հետ կապված խնդիրների, ես անընդհատ եմ այս հարցերով զբաղվում։ Աշխատանքների մեծամասնությունը խորհրդապահական բնույթ է կրում, և քիչ ենք այս հարցերի մասին հրապարակային խոսում։ Միևնույն ժամանակ, նշեմ, որ ես անընդհատ, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ իմ հաղորդակցության շրջանակներում ոչ միայն պարզապես բարձրաձայնում եմ այս խնդիրը, այլ մի շարք իրավիճակներում հստակ վերլուծությամբ իրավունքների խախտման առնչությամբ միջազգային գործընկերներին ներկայացնում եմ իրավունքների կոնկրետ խախտումներ, օրինակ՝ ադրբեջանական տարբեր հեռուստաալիքներով գերիների մասնակցությամբ տեսանյութերի և ռեպորտաժների նախապատրաստման առնչությամբ, ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող վարույթների, դրանց անկողմնակալության ու մարմինների անկախության առնչությամբ մտահոգությունների վերաբերյալ և այլն։ 

Իհարկե հատուկ շեշտադրեմ, որ առանցքային խնդիրը գերիների վերադարձի հետ կապված հարցն է, որը մշտապես ենք բարձրաձայնում։ 

Հույս ունեմ, որ այս խնդիրները պատշաճ և շուտափույթ լուծումներ կստանան, որովհետև, ինչպես իմ բոլոր միջազգային գործընկերներին եմ անընդհատ նշում՝ սա միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, սա ընդհանրապես ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, միջազգային հանրությանը վերաբերելի խնդիր է, որովհետև առնչվում է այնպիսի կարևորագույն, հիմնարար իրավունքների, որոնց՝ աշխարհի մի կետում չպաշտպանված լինելը հանգեցնում է ամբողջ աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների։