Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանի և Խաչատուր Սուքիասյանի հետ կապվող ՍՊԸ-ն Ծաղկաձորում նախատեսում է 13 շենքից կազմված համալիր կառուցել, որն ունենալու է 1164 բնակարան։ «Հետք»-ը տեղեկացել է, որ կառուցապատող ընկերությունը ներկայացրել է համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։
Հայտով պետք է գնահատվի, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ համալիրի կառուցումը շրջակա միջավայրի վրա, որի ժամանակ համայնքում հանրային լսումներ են անցկացվում։ Գնահատման այս փուլում առանձնապես ուշադրություն չի դարձվում քաղաքաշինական խնդիրներին։ Այդ հարցերին անդրադարձ է կատարվում Քաղաքաշինության կոմիտեում իրականացվող համալիր փորձաքննության ժամանակ։
Ըստ նախնական գնահատման հայտի՝ մոտ 4 հեկտար հողամասի 38%-ն է կառուցապատվելու։ Համալիրը բաղկացած է 9 հարկանի 13 շենքից, որտեղ նախատեսված է 1164 բնակարան։ Ստորգետնյա ավտոկայանատեղիների թիվը 394 է, իսկ բացօթյա կայանատեղին նախատեսված կլինի 421 մեքենայի համար։ Համալիրի շինարարությունը կտևի 8 տարի։
Զբոսաշրջային Ծաղկաձոր քաղաքն ունի 1503 բնակիչ։ Կառուցապատումից հետո, եթե այս համալիրի յուրաքանչյուր բնակարանում բնակվի 4 անձ, ապա քաղաքի բնակչությունը կավելանա 4656-ով։ Ծաղկաձորում կառուցվող մյուս համալիրը՝ «Պալլադա Ծաղկաձոր»-ը, նախատեսված է 3000 մարդու համար (700 բնակարան)։ Այդ համալիրի նախկին բաժնետերերից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է։ Միայն այս երկու համալիրները շահագործման հանձնելուց և բնակեցնելուց հետո Ծաղկաձորի բնակչության թիվը կարող է անցնել 9 հազարը, որը գերազանցում է ներկայիս բնակչության թիվը 6 անգամ։
Բացի պաշտոնյաների հետ կապված ընկերություններից, Ծաղկաձորում զուգահեռաբար ևս մի քանի համալիր է կառուցվում։ Տարիներ հետո կարելի է պատկերացնել՝ երբեմնի զբոսաշրջային քաղաքն ինչ տեսք կունենա։ Արդյոք քաղաքի ենթակառուցվածքները կկարողանան սպասարկել մարդկային այդ հոսքը։
Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող համայնքային 3.9 հա հողամասը կադաստրային արժեքով՝ 413 միլիոն դրամով նախորդ տարի ձեռք էր բերել «Սատուրնավան» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնադրել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդին՝ Արիկ Սուքիասյանը և պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայրը՝ Սոս Հակոբյանը (50/50 բաժնեմասով)։ Հետագայում Արիկ Սուքիասյանի բաժնեմասը փոխանցվել է Սուքիասյանների հետ կապված մեկ այլ անձի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։