Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների իրականացրած աշխատանքները, անդրադարձել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ մշակված «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը /MHPSS/ կրթության ոլորտում» ոլորտային ուղեցույցին՝ կարևորելով համակարգային մոտեցման ապահովումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ կրթության մեջ ներառման գործում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու, նոր գաղափարների աջակցելու հնարավորությունները:
Հաջորդ այցը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան էր: Տնօրեն Արա Խզմալյանի հետ հյուրերը շրջայց են կատարել թանգարանի սրահներում, ծանոթացել «1 տարվա հավերժություն. Մատենադարանի ձեռքբերումները» ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել ձեռագրապահոց, հին ձեռագրերի վերականգնման բաժին, նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա։