Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիր քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ 2022թ. մարզում առկա ընդհանուր 96.900 հա գյուղնշանակության հողատարածքներից մշակվել է 43.850 հեկտարը, որից 58 տոկոսը վարելահողեր, 26 տոկոսը պտղատու այգիներ, 16 տոկոսը խաղողի այգիներ, հիմնվել են 1632 հա բազմամյա տնկարքներ: Համայնքային գյուղնշանակության 23.625 հա հողերից վարձակալության է տրվել 5308-ը: Պատասխանատուների ներկայացմամբ, 2022թ. մթերվել է 91 հազար 190 տոննա խաղող, 7651 տոննա պտուղ և 10 հազար 715 տոննա բանջարեղեն, իսկ 2021թ.՝ համապատասխանաբար 86035 տ, 7935 տ և 5268 տ: Նախորդ տարվա ընթացքում Արմավիրի մարզում հիմնվել է 855 հեկտար ինտենսիվ այգի, ընդհանուր առմամբ մարզում առկա է 2 հազար 169 հա ինտենսիվ այգի: Տեղեկատվություն է ներկայացվել նաև գյուղապահովագրության, ինչպես նաև հողօգտագործման թեմաներով:
Զեկուցվել է նաև քաղաքաշինության ոլորտում իրականացված միջոցառումների մասին, ըստ որի` իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման, քաղաքաշինական փաթեթների, շին. թույլտվության, միկրոռեգիոնալ փաստաթղթի, ապօրինի շինարարության և ճանապարհների պահպանության ուղղությամբ աշխատանքներ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են 112 շինաշխատանքներ, որոնց թվում են գազիֆիկացման, ոռոգման համակարգի, խմելու ջրի, մանկապարտեզների վերանորոգման և կառուցման, ասֆալտապատման, հասարակական շենքերի, այգիների, պուրակների, բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների բարեկարգման, լուսավորության ու ֆոտովոլտային կայանի ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ զեկույցի, 111 դպրոցներից 25-ը գտնվում է ֆիզիկական լավ վիճակում, 55-ը՝ միջին, 31-ը՝ վատ վիճակում: 80 դպրոցում խնայված միջոցներով իրականացվել են վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ, վերաբաշխման արդյունքում 10 դպրոցում իրականացվել է ճաշարանների վերանորոգում, հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, 15 դպրոցի համար ձեռք է բերվել գույք, լուծվել են հրատապ խնդիրներ: Մարզում գործում է 65 մանկապարտեզ, որոնք ունեն 5043 սան և 53 նախակրթարան՝ 1217 սան, 2023թ. սեպտեմբերին նախատեսվում է ևս 9 նախակրթարանի բացում, որը կունենա 208 սան:
Վարչապետին ներկայացվել է նաև մարզի ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ըստ որի 2021-2022թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 561 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 40 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 52 ուսուցչի: 2022-2023թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 813 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 101 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 36 ուսուցչի: Առկա է ուսուցիչների 229 թափուր հաստիք:
Սպորտի ոլորտում իրականացված ծրագրերի մասով ընդգծվել է «ՀՀ վարչապետի գավաթ»-ը, սիրողական խճուղային հեծանվավազքը, սիրողական լողը, դպրոցական թիմային խճուղավազքը, սիրողական սեղանի թենիսը: Մասսայական սպորտի բնագավառում համայնքների միջև կազմակերպվել է «Մարզպետի գավաթ» ֆուտբոլի առաջնությունը:
Առողջապահության ոլորտի հետ կապված ներկայացվել է բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, ըստ որի` Արմավիր բժշկական կենտրոնը և Բաղրամյան առողջության կենտրոնը գտնվում են լավ վիճակում, Էջմիածին ԲԿ-ն վերանորոգվում է, Մեծամոր ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում: Զեկուցվել է, որ հաշվետու տարում 2021թ. համեմատ վճարովի ծառայությունների 22 տոկոս աճ է արձանագրվել: Ձեռքբերումների շարքում առանձնացվել է Հայկական ակնաբուժական նախագիծը, հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար խաղահրապարակի կառուցումը, համակարգչային շերտագրման ծառայության ներդրումը, 17 բժշկական սարքավորումների ձեռքբերումը, ինչի համար կառավարությունը հատկացրել է 205 մլն դրամ: Նշվել է, որ բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել նաև տնտեսված միջոցներով: Համագործակցություն է ծավալվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի հետ:
Վարչապետին զեկուցվել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ 2018-2022թթ. ընթացքում հաստատվել է 229 հայտ, որից նույն ժամանակահատվածում իրականացվել է 209-ը: Նշվել է, որ ընդհանուր գումարը կազմել է 7 մլրդ 999 մլն դրամ, որից կառավարության մասը կազմել է 3 մլրդ 540.5 մլն դրամ, համայնքի մասը՝ 4 մլրդ 410.9 մլն դրամ, մասնավորի մասը՝ 47.5 մլն դրամ: 2018-ից 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում սուբվենցիոն ծրագրերը հասել է 8 մլրդ 537․3 մլն դրամ: Նշված ժամանակահատվածում հաստատված սուբվենցիոն ծրագրերն ընդգրկել են հետևյալ ոլորտները՝ ասֆալտապատում, գազիֆիկացում, հասարակական շենքեր, ջրամատակարարում/ջրահեռացում, ոռոգման համակարգեր, մանկապարտեզների, պուրակների, այգիների վերակառուցում, բարեկարգում, լուսավորության անցկացում և այլն:
2023թ. համար մարզը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի 36 հայտ՝ 160 ենթածրագրով: Ծավալը կազմում է 13 մլրդ 99 մլն դրամ, որից դեռևս հաստատվել է 22-ը՝ 119 ենթածրագրով. ծավալը կազմում է 9 մլրդ 55 մլն դրամ:
Տեղեկացվել է, որ ներկայումս մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է 6 մանկապարտեզ, հիմնանորոգվում՝ 27-ը, վերանորոգվում՝ 10-ը, 26 մանկապարտեզում իրականացվում են այլ աշխատանքներ: Արմավիրում նախորդ տարի ավարտվել է 3 դպրոցների կառուցման աշխատանքները, ներկայումս ընթացքի մեջ են երկուսի շինաշխատանքները: Առաջիկայում կառուցման ծրագրերում կընդգրկվեն ևս 10 դպրոցների կառուցման աշխատանքները:
2018 թվականից մինչ օրս Արմավիրի մարզում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մարզում իրականացվել են 24 մլրդ դրամի ծրագրեր, Առողջապահության նախարարության կողմից` 151 մլն դրամի, ԿԳՄՍ-ի կողմից` 25 մլրդ դրամի ծրագրեր:
Արմավիր քաղաքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից առաջիկայում նախատեսվում է կառուցել Սմարթ կենտրոն: Այդ նպատակով ներդրվելու է 8,2 մլն դոլար: Մարզում ընթացքի մեջ են մասնավորի կողմից բնակարանաշինության խոշոր ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել 4 հազար 762 բնակարան: Ընդհանուր առմամբ իրականացվելու է 300 մլն դոլարից ավելի ներդրում:
Մարզում համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102 տոկոս: Նախորդ տարվա համար նախատեսված 4,26 մլրդ դրամի փոխարեն համայնքները հավաքագրել են 4,35 մլրդ դրամ: 2021 թվականի համեմատ համայնքների սեփական եկամուտներն, ընդհանուր առմամբ, աճել են 654 մլն դրամով:
Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը կարևորել է մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման խրախուսումը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է գնահատել կառավարության կողմից գյուղոլորտում իրականացվող վերոնշյալ ծրագրերը և քայլեր ձեռնարկել դրանք լավարկելու և էլ ավելի մատչելի դարձնելու համար:
Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է գույքագրել պետական նշանակության խոշոր հողատարածքները և հետևողական աշխատանքներ տանել ներդրողների ներգրավման ու ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող մթերային արտադրություններին և ընդգծվել արտադրանքի ստանդարտը փոխելու և արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին: