Հետևեք մեզ։

Մայիսի 1-ից արգելոց-թանգարանների և արգելոցների մուտքի տոմսի արժեքը կփոփոխվի

13:56, 22 ապրիլ 2023
Մայիսի 1-ից արգելոց-թանգարանների և արգելոցների մուտքի տոմսի արժեքը կփոփոխվի

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11042023թ թիվ 492-Ա/2 հրամանի համաձայն, Մայիսի 1-ից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային արգելոցների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագինը կփոփոխվի: Այս մասին հայտարարություն է տարածել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

 

Այսպիսով, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Ամբերդ» պատմամշակութային արգելոցի, «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցի, «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մշտական ցուցադրության մուտքի տոմսերը կդառնան 1500 ՀՀ դրամ մեկ անձի համար (ՀՀ և ԵԱՏՄ քաղաքացիներ, օտարերկրացիներ):

 

Սակագնային փոփոխություններից զատ, սահմանվել են նաև մի շարք արտոնություններ:

 

12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար գործելու է 50 % զեղչ, 750 ՀՀ դրամ։

 

• Մինչև 12 տարեկան երեխաների, Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների, Թանգարանների միջազգային խորհրդի անդամների (ԻԿՕՄ), թանգարանային աշխատողների, երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների, հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների (Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ պետությունների), հաշմանդամություն ունեցող՝ 1-ին խմբի (ուղեկցողի հետ), հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի (առանց ուղեկցողի), աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների, բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների, ժամկետային զինծառայողների, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա), լրագրողների` աշխատանքային բոլոր օրերին (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում), Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար արգելոցներ և արգելոց-թանգարաններ մուտքը կլինի անվճար:

 

• Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը՝ «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցներ և արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է:

 

• Թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերն ուժի մեջ են մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 30-ը։

 

• Մինչև 2023 թ. մայիսի 1-ը ձեռք բերված տոմսերն ուժի մեջ են մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: